Զոհված զինծառայողի ծնողները վերադարձել են Ռուսաստանից, երկվորյակ եղբայրը` ծառայությունից
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Ռուբեն Ալեքսանյանի հայրն ու մայրը դեկտեմբերի 19-ին ՌԴ-ից վերադարձել են: Ռուբենի երկվորյակ եղբայրը, որը նրա հետ նույն զորամասում էր ծառայում, դեպքի օրը արձակուրդ է ստացել ու վերադարձել Տաշիր քաղաք` եղբոր հոգեհանգստին ու հուղարկավորությանը մասնակցելու։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Ալեքսանյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքում էր բնակվում, ծնունդով Կաթնառատ գյուղից էր, ծառայում էր երկվորյակ եղբոր հետ:
Ռուբենի ծնողները հոգեպես ծանր վիճակում են, հոգեհանգստի եւ հուղարկավորության օրը դեռ չեն որոշել։
Ռուբեն Ալեքսանյանն ու նրա երկվորյակ եղբայրները տան կրտսեր զավակներն են: Նրանց ավագ եղբայրը մահացել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի ժամանակ, մյուս եղբայրը Հայաստանում է: Ռուբենի հորեղբայրը 1994թ. զոհվել է Արցախում:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ, Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.): Մեր տեղեկություններով` չորս զինծառայող վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ։
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։



