Ոսկեպարում ականի պայթյունից վիրավորված տղամարդուն նորից վիրահատել են. վիճակը կայուն ծանր է
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում դեկտեմբերի 18-ին ականի պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ 50-ամյա Արշալույս Սահակյանն այս գիշեր նորից վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
«Արշալույս Սահակյանի վիճակը ծանր է, սակայն կայուն: Այս պահին գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Արտաշես Խաչատրյանը:
Նշենք, որ ականի պայթյունից վիրավորում ստացած Արշալույս Սահակյանին եւ Արտավազդ Կարապետյանին Նոյեմբերյանի եւ Իջեւանի բժշկական կենտրոնում վիրահատել են. Արշալույս Սահակյանը պայթյունի հետեւանքով կորցրել է ոտնաթաթը, իսկ Արտավազդ Կարապետյանը՝ ոտքն ու ձեռքը: Վերջինս գտնվում է Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 2015թ. դեկտեմբերի 18-ին ականի պայթյունի հետեւանով 2 մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնել էր, որ Բաղանիսի բնակիչներն արգելված գոտին անցել են՝ գետի բերած ավազը տեղափոխելու եւ շինարարության նպատակով օգտագործելու համար:



