Պերմյակովի պահվածքը դատարանի դահլիճում փաստաբանները լավ մշակված ձև են համարում
ОБЩЕСТВОԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պահվածքը դատարանի դահլիճում, փաստաբանների կարծիքով, լավ մշակված ձև է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդ Երեմ Սարգսյանը: Ինչպես ռուսական կողմի, այնպս էլ դեկտեմբերի 18-ին հայկական կողմի անցկացրած ողջ նիստի ժամանակ Պերմյակովը նստած էր մեջքով դեպի դահլիճը: «Դեպի հասարակությունը ու լրագրողները չթեքվելը իր մոտ լավ մշակված ձև է: Երբ մենք մասնակցում էինք դատահոգեբանական փորձաքննությանը նա այսպիսին չէր, ավելի շփվում էր, պատասխանում էր փորձագետների հարցերին, անընդհատ ժպտում էր՝ ուներ նման վարքագիծ: Հիմա կարծում եմ նա խնդիր ունի չթեքվելու հասարակության կողմ, կարծում եմ ինչ-որ տեղ նաև լրատվամիջոցների առկայությունն է պատճառը: Նա նաև ցուցաբերում է բնավորության ամուր հատկանի շներ՝ նույնիսկ աղմուկի դեպքում չշրջվելու»,-ավելացրեց Երեմ Սարգսյանը:
Ավետիսյանների հարազատներն իրենց դժգոհություն են հայտնում ինչպես դատարանի դահլիճում Պերմյակովին ուղեկցող ռուս զինովորականների առկայության, այնպես էլ կայազորի տարածքում դատական նիստը անցկացնելու փաստից:
«Եթե սա արտագնա նիստ է հայկական կողմի ու ՀՀ դատարանի կողմից իրականացվող, ապա ինչու պետք էռուս զինվորականներ լինեն: Ինչու այդքան «վախ» կա այդ Պերմյակովի համար, բացի այդ նրան հսկում են նաև հայ ոստիկաններ և դատարանի կարգադրիչներ և ռուսների անհրաժեշտությունը չկա: Սա կալանավայր չէ»,- նշեց Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը: Ի դեպ, նույն բողոքը նշեցին նաև Ավետիսյանների դուստրերը՝ հավելելով, որ ունեն մտավախություն, որ այսպես դատական նիստերը հատաձգվելով գործը տարիներ կտևի:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը` ժամը 12:00-ն: Միջնորդությունը ներկայացրել էր հանրային երկու պաշտպաններից մեկը` Էդուարդ Աղաջանյանը: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը և նրան մեկ ամիս ժամանակ տվեց նյութերին ծանոթանալու համար: Պերմյակովը հանրային երկու պաշտպան ունի: Մյուս պաշտպանը` Արմեն Պողոսյանը« դեկտեմբերի 30-ից հետո չի ներկայացնի Պերմյակովի շահերը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փ որձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Արմենուհի Մխոյան



