«Արևմուտքի պատժամիջոցներն անպատասխան չեն մնա»․ Բելառուսի վարչապետ
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսը պատասխան միջոցներ կձեռնարկի այն երկրների նկատմամբ, որոնք Բելառուսի քաղաքացիների և ձեռնարկությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանել: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք զգուշացրել ենք, որ պատժամիջոցներն անպատասխան չեն մնա։ Այժմ համապատասխան ծառայությունն ուսումնասիրում է մեր քաղաքացիների և ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների տեքստը։ Մենք ընտրում ենք հակազդման առավել հարմար միջոցները, որոնք մշակել էինք և որի մասին հայտարարել էինք մեր գործընկերներին»,- նշել է Բելառուսի վարչապետը։
Նա նաև ընդգծել է՝ «սարերի հետևում չէ այն օրը, երբ Բելառուսը կհայտարարի պատասխան քայլերի մասին»։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մեկնաբանելով Բելառուսի պաշտոնատար անձանց և մի շարք ձեռնարկությունների նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցները, հայտարարել էր՝ դրանք արտացոլում են բելառուսների «ժողովրդավարական ձգտումներին» աջակցելու հանձնառությունը։
Բլինկենի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի, Կանադայի և ԱՄՆ-ի կողմից Մինսկի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին որոշումները մշակվել են Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի և բելառուս բլոգեր Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունից հետո։
Բացի այդ, նոր պատժամիջոցները, Բլինկենի խոսքով, Արևմուտքի պատասխանն են «Բելառուսում շարունակվող բռնություններին»։



