Սահմանին զոհված Ռուբենը երկվորյակ եղբոր հետ էր ծառայում (Ֆոտո)
ОБЩЕСТВОNEWS.am-ը գրում է.
Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Ռուբեն Ալեքսանյանը Տավուշի մարզի Տաշիր քաղաքից էր, ծառայում էր երկվորյակ եղբոր հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց Կաթնառատի գյուղապետ Ռուբիկ Ղազարյանը, որի համագյուղացին է եղել զոհված զինծառայողը:
Գյուղապետը նշեց, որ Ռուբեն Ալեքսանյանն ու նրա երկվորյակ եղբայրները տան կրտսեր զավակներն են: Նրանց ավագ եղբայրը մահացել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի ժամանակ, մյուս եղբայրը Հայաստանում է: Ռուբենի հայրն ու մայրն այս պահին ՌԴ-ում են. մեկնել են արտագնա աշխատանքի:
Ռուբենի հորեղբայրը 1994թ. զոհվել է Արցախում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:
Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




