Մալիում զինվորականները ձերբակալել են երկրի նախագահին ու վարչապետին. ՄԱԿ-ը դատապարտել է
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ ազգերի կազմակերպությունն ու Աֆրիկյան միությունը հայտնել են, որ Մալիում զինվորականները ձերբակալել են ժամանակավոր կառավարության վարչապետին ու նախագահին՝ նախորդ ռազմական հեղաշրջումից 9 ամիս անց խորացնելով քաղաքական ճգնաժամն աֆրիկյան այս երկրում, հայտնում է Al Jazeera-ն։
Կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ կոչ են արել «անհապաղ ազատ արձակել» նախագահ Բահ Նդաուին և վարչապետ Մոքթար Ուանեին՝ շեշտելով, որ «միջազգային հանրությունը մերժում է ցանկացած հարկադրական գործողություն՝ ներառյալ հարկադիր հրաժարականները»։ Հայտարարությանը միացել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի անդամ պետությունները (ECOWAS):
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր թվիթերյան հաշվում արված գրառման մեջ կոչ է արել հանգստություն պահպանել, մինչդեռ Եվրամիության առաջնորդները դատապարտել են Մալիի քաղաքացիական ղեկավարության «առևանգումը»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին Մալիում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել։ Մալիում խռովությունը սկսվել էր օգոստոսի 18-ին՝ մայրաքաղաք Բամակոյի մերձակա Քաթի ռազմակայանում: Ապստամբներն այդ օրը հայտարարել էին նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթայի և վարչապետ Բուբու Սիսեի ձերբակալության մասին:



