Իսկ գիտե՞ք, թե իրականում որն է բորշի հայրենիքը․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Բորշը արևել յան սլավոնների խոհանոցին պատկանող ավանդական ապուրի տեսակ է։ Այն ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, լեհերի և այլ հարևան ազգերի ճաշատեսակ է։ Բորշն ի սկզբանե տարածված է եղել Կիևյան Ռուսիայի տարածքում, սակայն ներկայումս գտել է առավել մեծ տարածում և պատրաստման բազմազանություն։ Ռուսաստանում բորշը հիշատակվում է 16-17-րդ դարերից։ Այն սիրված կերակուր է եղել Եկատերինա 2-րդի և Ալեքսանդր 2-րդի համար։ Բորշի պատրաստման միայն իրենց յուրահատուկ նրբությունները և հատուկ բաղադրատոմսերը ունեն և՛ լեհերը, և՛ ռուսները, և՛ ուկրաինացիները, ինչպես նաև լիտվացիները, ռումինացիներն ու բելառուսները։ Բորշի հստակեցված բաղադրատոմս, որպես այդպիսին, գոյություն չունի։
Հարյուրամյակներ և անգամ դարեր հավերժ վեճ է գնում, թե ով է հայտնագործել այդ համեղ ուտեստը։ Սլավոնական ժողովուրդները ապացուցում են, որ դա իրենց ազգային խոհանոցի ձեռքբերումն է, բայց պատմաբանները այն վարկածն ունեն, որ կարմիր գույնի այդ ապուրը ունեցել են դեռ հին հռոմեացիները։ Դեռևս հնում հռոմեացիները եփել են ապուր, որին ավելացված է եղել բազմաթիվ և բազմատեսակ բանջարեղեն, և որի հիմնական մասը կազմել են կարմիր ճակնդեղը և կաղամբը։ Հենց հռոմեացի ծովագնացներն են այդ կարմիր բանջարեղենը հասցրել սկիֆների, սլավոնների և հյուսիսային ազգերի բնակության վայրեր։
Լեզվաբանները համարում են, որ բորշ բառը առաջացել է բորշևիկ բույսի անունից։ Հենց այդպես են անվանել հին սլավոնները վառ կարմիր բանջարեղենը, որից սննդի մեջ օգտագործել են միայն տերևները։ Նման բանջարեղենից պատրաստված ապուրը կոչվել է բորշեց։ Կա նաև վարկած, որ այդ կարմիր ապուրը առաջինը պատրաստել են կազակները։ Նրանք այդ ապուրը անվանել են շչերբա։ Հին Ռուսիայում ևս սննդում օգտագործվել է ջրիկ ապուր, որի պատրաստման համար օգտագործել են ճակնդեղ և կա ղամբ։ Ռուսները այդ ուտեստին տվել են վարդագույն շչի անունը։ Այնուամենայնիվ, այդ տաք ճակնդեղապուրի ճշգրիտ ծագումը անհայտ է։ Հետխորհրդային բոլոր տարածքներում են եփել կարմիր շչի, և բոլորն են ունեցել այն պատրաստելու իրենց նրբությունները։ Այնուամենայնիվ, աշխարհի բազմաթիվ երկրների մեջ այդ մրցույթի հաղթող է դարձել Ուկրաինան։
Ուկրաինայում անհիշատակելի ժամանակներից են եփել ճակնդեղապուր։ Այն եղել է ինչպես թագավորների կերակուր, այնպես էլ մատուցվել է հարսանիքներում, հոգեհանգստի սեղաններին։ Համարվել է, որ տաք բորշի ափսեից երկինք է բարձրանում մեռյալի հոգին։ Ընդհանրապես, անհնար է ճշգրտորեն նշել այն բոլոր բաղադրամասերը, որոնք օգտագործվում են բորշ պատրաստելիս։ Այդ ապուրը եփելու համար օգտագործվում է համարյա թե ամեն տեսակ բանջարեղեն, սակայն, այնուամենայնիվ, որոշիչը մնում է կարմիր ճակնդեղը։ Մնացած բանջարեղենը և այլ հավելումները, մասնավորապես միսը, ավելացվում են ըստ ճաշակի։ Ընդ որում, ցանկացած տնային տնտեսուհի ունի իր յուրահատուկ բաղադրատոմսը, միայն իրեն հայտնի ինչ-որ համեմունք, որը ավելացվում է բորշին և առանձնահատուկ դարձնում այն։ Այդ ամենի պատճառով էլ անգամ ներկայումս բորշի ընդունված միասնական բաղադրատոմս գոյություն չունի։
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































