«Ֆուլ Հաուս» սիթքոմը ֆիլմ կդառնա (լուսանկար)
ФОТО
Օրերս ամանորյա տրամադրությամբ ավարտվեցին «Ֆուլ հաուս» 3-րդ եթերաշրջանի նկարահանումները, և ինչպես հուրախություն բազմաթիվ երկրպագուների հայտարարեց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, առաջիկայում սպասվում է սիթքոմի 4-րդ եթերաշրջանը:
Մասնավորապես` այն եթերում կհայտնվի 2016-ի մարտին:
«Սյուժետային որոշ գծեր մինչև տարեվերջ հանգուցալուծում կգտնեն, սակայն հաջորդ սեզոնում էլի ոչ պակաս հետաքրքիր թեմաներ կբացվեն, որոնցով կապրեն «Ֆուլ հաուսի» բնակիչները»,- ասել է պրոդյուսերը` չցանկանալով բացահայտել նոր գաղափարները:
Դրանցից մեկի մասին նա այնուամենայնիվ ակնարկեց. «Հավանաբար հեռուստադիտողն արդեն նկատել է, որ Արսենն ու Լիկան (նրանց մարմնավորում են Միհրան Ծառուկյանն ու Արփինե Գաբրիելյանը – հեղ.) անտարբեր չեն իրար հանդեպ: Թե ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները, պարզ կդառնա արդեն 4-րդ եթերաշրջանում»։
Մինչդեռ արդեն պարզ է, որ «Ֆուլ հաուսի» ստեղծագործական կազմը մտադիր է սիթքոմի հիման վրա գեղարվեստական ֆիլմ նկարահանել: Այն, ինչպես ենթադրեց Արմեն Պետրոսյանը, հանդիսատեսի դատին կհանձնեն հաջորդ ամռանը: Հարցին` արդյոք դա նշանակում է, որ սիթքոմի 4-րդ եթերաշրջանը եզրափակիչն է լինելու, պրոդյուսերը չցանկացավ վաղօրոք այս առումով որևէ բան ասել:
Աղբյուրը՝ TV Մոլ




















































