Յո-յո՝ արտաքուստ պարզ, բայց հատուկ հմտություններ պահանջող խաղ. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես սովորական տիկնիկը, յո-յո-ն ևս համարվում է մոլորակի ամենահին խաղալիքներից մեկը: Այդ խաղալիքը բաղկացած է երկու իրար միացված սկավառակներից, որոնց միջև թել է պտտվում: Թելի մի ծայրը ամրացված է խաղալիքին, իսկ մյուսը հագցվում է մատին: Օգտագործելով իներցիալ ուժը և ճոճանակի սկզբունքը՝ սկավառակը փաթաթվում է մինչև վերջ և խաղացողի ջանքերով վերադառնում է իր նախնական դիրքին: Թվում է, թե այդ պարզ գործողությունը պետք է արագ ձանձրացնի, բայց իրականությունն այլ է: Յո-յո- ն այնքան հայտնի և տարածված է աշխարհում, որ անգամ կան դրա հատուկ ուսումնական դպրոցներ, անցկացվում են դասընթացներ, մրցումներ և առաջնություններ, ինչպես նաև կան ակումբներ նրանց համար, ովքեր պարզապես սիրում են այդ խաղը, կամ էլ այդ ոլորտում մասնագետներ են: Յո-յո խաղալիքը ներկայումս պատկանում է skill toy խաղերի դասին, ինչը նշանակում է, որ այն խաղալու համար պահանջվում են հատուկ հմտություններ:
Պարզապես սկավառակը պտտեցնել, ապա վերադարձնել այն իր սկզբնական դիրքին՝ ընդամենը հնարք է սկսնակների համար: Իրականում մասնագետ խաղացողները ունակ են հրաշքներ գործել այդ խաղալիքով, ստեղծել զարմանահրաշ պատկերներ՝ օգտագործելով թելի և խաղալիքի շարժումը: Այդ ամենը կախարդանք և ֆոկուս է թվում, բայց իրականում դա կախված է խաղացողի հմտություններից, որը նա մշակում է շատ երկար ժամանակ: Յո-յո-ի պատմությունը սկսվել է դեռևս 2500 տարի առաջ Հին Հունաստանում: Այդ փաստը հաստատվում է մեր ժամանակներ հասած ծաղկամանով, որի վրա պատկերված է յո-յո խաղացող մարդ: Բացի այդ, պեղումների ժամանակ հայտնաբերվել են կավե նման խաղալիքներ: Այնուամենայնիվ, համարվում է, որ յո-յո-ի ծննդավայրը եղել է կա՛մ Հին Չինաստանը, կա՛մ Ֆիլիպինները, քանի որ այնտեղ այդ օբյեկտը օգտագործվել է որպես հատուկ զենք վայրի կենդանիներ բռնելու համար, որի համար էլ թելն ունեցել է մինչև 6 մետր երկարություն: Բացի այդ, ֆիլիպիներեն լեզվով յո-յո նշանակում է «այստեղ-այնտեղ»:
Յո-յո-ի պատմության մեջ զարգացման նոր փուլ է սկսվել 1866 թվականին: Այդ ժամանակ Միացյալ Նահանգներում մտածել են խաղի նոր կառուցվածք, որը նախատեսում է սկավառակի քաշի վերաբաշխում, որպեսզի դրա պտտումը ավելի երկար տևի: Դրա գյուտարարներն են Ջեյմս Հեյվենը և Չարլզ Գետտրանկը: Նրանք արտոնագրել են իրենց գաղափարը, բայց այն անվանել են Բանդելոր: Խաղը յո-յո անունն է ստացել միայն 1928 թվականին: Այնուհետև հայտնվել է այդ խաղալիքի արտադրության առաջին գործարանը, որը գտնվել է ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքում: Այն բացել է Պեդրո Ֆլորեսը, որը Ֆիլիպիններում գտել է այս խաղի նախատիպը և այն բերել նահանգներ: Գործարանում ամեն օր արտադրվում է մոտ 300 000 յո-յո, որը վկայում է խաղի հսկայական հանրաճանաչության մասին:
Յո-յոն ենթարկվել է խոշոր փոփոխության անցյալ դարի 90-ականներին: Դա հիմնականում արտահայտվել է խաղալիքի կառուցվածքի վրա: Խաղալիքի սակավառակը պատել են սիլիկոնային արգելակային շերտով, տեղադրել են առանցքակալներ, օգտագործվել են արտադրության նոր նյութեր: Արդյունքում 90-ականներից սկսած յո-յո խաղալիքը սկսել է նոր, արդեն երրորդ վերածնունդը ապրել, հայտնվել են յո-յո խաղային նոր տեխնիկական հնարքներ:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































