Ստի դետեկտոր. որտե՞ղ է այն օգտագործվում և որտե՞ղ է արգելված կիրառումը․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Ստի դետեկտորը (պոլիգրաֆ) բժշկակենսաբանական սարք է՝ նախատեսված մի քանի ֆիզիոլոգիական ցուցանիշների (շնչառություն, սիրտ-անոթային ակտիվություն, մաշկի էլեկտրական դիմադրողականություն և այլն) միաժամանակյա արձանագրման համար: Այն ստուգում է նաև անցյալում տեղի ունեցած երևույթների հետ կապված հիշողությունները։ Մի խոսքով, այդ սարքի միջոցով որոշում են սուտ խոսելը: Հարցաքննվողին, որպես կանոն, սկզբից տալիս են հսկիչ հարցեր, որով որոշում են նրա անհատական սթրեսի շեմը, և հետագայում, հիմնվելով դրա վրա, մասնագետները ստանում են ինֆորմացիա հետաքրքրող հարցերին տրված պատասխանների ճշմարտանմանության վերաբերյալ՝ հենվելով արձանագրված ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա: Սուտ խոսելը պարզել փորձել են դեռ հնուց:
Օրինակ՝ Ճապոնիայում կասկածվող հանցագործը պետք է բերանի մեջ պահեր բրնձի կույտը և լսեր իր մեղադրանքը։ Եթե բրինձը բերանում չոր մնար՝ մեղադրանքը հաստատվում էր (այսինքն, ճիշտը լսելուց թուքը չարացավ)։ Հին Հնդկաստանում, երբ մեղադրյալին տալիս էին կտրուկ հարցեր, մեղադրյալը պետք է արտաբերեր մտքում եկած առաջին իսկ բառերը և միևնույն ժամանակ հարվածեր վահանին: Համարվում էր, որ ճիշտ մեղադրանքների ժամանակ հարվածի ձայնը լինում էր ուժեղ։ Աֆրիկայում հանցագործության կասկածյալներին ստիպում էին ձեռքում թռչնի ձու պահել, քանի որ ձուն շատ նուրբ է և անգամ թույլ սեղմելու դեպքում կոտրվում է։ Կասկածյալները ձուն փոխանցում էին մեկը մյուսին: Ենթադրվում էր, որ մեղավորը չէր կարող պահել ձուն, քանի որ, սեղմելով այն, կկոտրեր։ Իսկ ահա ստի դետեկտոր կոչվող սարքի պատմությունն սկիզբ է առել 1877 թվականից, երբ ֆիզիոլոգ Անժելո Մոսսոն հայտնաբերել է, որ սուտ խոսելու ժամանակ վախն արտահայտվում է հաճախասրտությամբ։ Դրա առաջին փորձնական օգտագործումն իրականացրել է իտալացի կրիմինալիստ Չեզարե Լոմբրոզոն (1881 թվական)՝ հարցաքննության ընթացքում դինամիկ հետևելով հարցաքննվողի ճնշման ցուցանիշին։
Պոլիգրաֆ կամ ստի դետեկտոր սարքը ստեղծվել է 1921 թվականին Կալիֆորնիայում ոստիկան Ջոն Լարսոնի և բժշկական համալսարանի մի ուսանողի համատեղ ջանքերով: Սարքը չափել և գրանցել է արյան ճնշումը, զարկերակը, շնչառությունը և մաշկի հաղորդունակությունը։ 1933 թվականին Լեոնարդ Քիլերը վերջնական տեսքի է բերել սարքը և սկսել է դրա մասսայական արտադրությունը։ 1935 թվականին առաջին անգամ ԱՄՆ-ում ստի դետեկտորն օգտագործվել է դատական պրակտիկայում: Դրա ցուցմունքներն օգտագործվել են որպես երկու հանցագործների մեղքի ապացույց։ Ներկայումս ստի դետեկտորը հիմնականում օգտագործվում է սկրինինգային հետազոտությունների համար. աշխատանքի ընդունվելիս տարբեր ընկերություններ սրա միջոցով «հարցազրույց» են անցկացնում ընկերությունում աշխատանքի ընդունվել ցանկացողների հետ և հայտնաբերում են ոչ համապատասխան կադրերին:
Կրիմինալիստիկայում և դատական պրակտիկայում պոլիգրաֆը ներկայումս շատ քիչ է օգտագործվում (ի տարբերություն նրա, ինչ տեսնում ենք կինոներում):Որոշ երկրներում (Գերմանիա, Լեհաստան և այլն), ինչպես նաև ԱՄՆ-ի նահանգների մեծ մասում արգելված է այն օգտագործել արդարադատության պրակտիկայում: Ներկայումս ժամանակակից ստի դետեկտորը համակարգչային համակարգ է՝ համակարգչային ծրագիր, համակարգիչ և անհրաժեշտ սենսորներ՝ տվյալների մուտքագրման համար:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































