Բումերանգների տեսակներն ու տարիքը․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Անհավանական հին պատմություն ունի բումերանգը՝ որպես զենքի տեսակ: Պարզվում է՝ բումերանգներ օգտագործել են դեռ վերին պալեոլիթի դարաշրջանում: Ուղղակի դրանք բումերանգ չեն կոչվել: «Բումերանգ» բառի առաջին պաշտոնական փաստաթղթավորված կիրառումը եղել է 1822 թվականին: Այդ անվանումը վերցվել է Ավստրալիայի ներկայիս Սիդնեյ քաղաքից ոչ հեռու ապրող տուրուվալ ցեղի լեզվից (Ավստրալիայի աբորիգենները բազմաթիվ ցեղեր և լեզուներ են ունեցել՝ մոտ 250 տարբեր լեզու): Տուրուվալները ունեցել են «նետելու փայտի» նաև այլ անվանումներ, բայց կոնկրետ բումերանգ է կոչվել վերադարձող «նետելու փայտը»:
Ներկայումս համարվում է, որ կա երկու տեսակ բումերանգ՝ վերադարձող և չվերադարձող: Բումերանգի վերադարձող տեսակներն ունեն աերոդինամիկ ձև, որը թույլ է տալիս մեծացնել նետելու հեռավորությունը և/կամ նպաստել մեկնարկի վայր վերադառնալուն։ Առաջ ենթադրվում էր, որ հենց Ավստրալիայում է հորինվել վերադարձող բումերանգը: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ հին եգիպտական և եվրոպական բումերանգները նույնպես վերադարձող են եղել։ Ամենահին բումերանգներն օգտագործվում էին վերին պալեոլիթի ժամանակաշրջանում, ինչպես վկայում են ժայռապատկերները Ֆրանսիայում: Համապատասխան բովանդակությամբ նմանատիպ ժայռապատկերներ կան նաև Ավստրալիայում։
Նրանց տարիքը 50000 է: Ամենահին բրածո վերադարձող բումերանգը հայտնաբերվել է լեհական Կարպատներում՝ Օլազովա քարանձավում. այն ավելի քան 18 000 տարեկան է: Այս բումերանգը փորձարկել են և պարզել, որ այն իրոք վերադարձող բումերանգ է: Ընդ որում, Ավստրալիայի հնագույն վերադարձող բումերանգի գտածոները 10 000 տարեկան են։ Եվրոպայում օգտագործվել է մի զենք, որը կոչվել է cateia կամ նետելու լախտ: Այդ զենքը օգտագործել են թռչունների որսի համար: Այն դժվար է եղել հեռու նետել, որովհետև ծանր էր, բայց, չնայած դրան, այն վերադառնում էր, իհարկե, եթե նետողը վարպետ էր: Եգիպտոսում ևս օգտագործել են բումերանգներ՝ նաև վերադարձող:
Թութանհամոն փարավոնի դամբարանում անգամ գտել են բումերանգների հավաքածու, որի մեջ եղել են նաև վերադարձող բումերանգներ: Բումերանգների պատրաստման և օգտագործման աստիճանական ավարտը հավանաբար սկսվել է նետ և աղեղի հայտնագործությունից հետո: Այդ զենքի տեսակը ժամանակի ընթացքում մոռացվել է Եվրոպայում և Ասիայում: Ավստրալիայում բումերանգները տարածված մնացել են այն պատճառով, որ այնտեղ գործածության մեջ չեն մտել նետն ու աղեղը՝ որպես շատ ավելի արդյունավետ զենք որսորդության և պատերազմի ժամանակ։ Սակայն Ավստրալիայում ևս բումերանգն օգտագործվել է ոչ ամենուր, քանի որ դրանով անհնար է որսորդությամբ զբաղվել անտառային տարածքներում։ Այնուամենայնիվ, բումերանգ ունեցել են բոլորը, և այն եղել է ունիվերսալ իր:
Ի դեպ, բացի վերադարձող բումերանգներից, Ավստրալիայի աբորիգենները ավելի շատ օգտագործել են չվերադարձող բումերանգներ:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































