Ի վերջո, ո՞վ է Իվան Ահեղի գահի հեղինակը․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Անհիշելի ժամանակներից ի վեր Ռուսաստանի պետության ուժն ու հարստությունը մարմնավորել են յոթ խորհրդանիշ՝ Մոնոմախի գլխարկը, ինքնիշխանության խնձորը (գունդ), գայիսոնը, ցարական թիկնոցը, ռինդաները (թիկնապահներ), թագավորական կնիքը և, իհարկե, գահը: Ռուսական գահերի շարքում ամենահներից մեկը Իվան 4-րդ Ահեղ ցարի գահն է, որը փաստացի բարձր փայտե թիկնաթոռ է: Գահը ծածկված է փղոսկրյա փորագրված պատկերազարդ թիթեղներով, իսկ պատկերներում աստվածաշնչյան Դավիթ թագավորի արարքներն են, ինչպես նաև փորագրված են դիցաբանական կենդանիներ:
Կա մի լեգենդ, որի համաձայն, գահը Բյուզանդիայից Ռուսաստանում է հայտնվել Իվան 3-րդի երկրորդ կնոջ՝ Սոֆյա Պալեոլոգի շնորհիվ: Նա այն որպես նվեր է բերել Իվան 4-րդի ծնողների՝ Ելենա Գլինսկայայի և Վասիլի 3-րդի հարսանիքին: Այս վարկածի գրավոր հաստատումը Սիգիզմունդ ֆոն Հերբերսթայնի «Նոթեր մոսկովյան հարցերով» աշխատությունն է, որտեղ հեղինակը նկարագրում է իր հանդիպումը Վասիլի 3-րդի հետ, որի ընթացքում վերջինս նստած է եղել փղոսկրե գահի վրա: Այսինքն, ըստ ֆոն Հերբերսթայնի, Իվան Ահեղի հարսանիքից դեռ շատ առաջ այդ գահը գտնվում էր մոսկովյան Կրեմլում:
Այնուամենայնիվ, կա մեկ այլ վարկած, որի համաձայն, «փղոսկրյա աթոռը» տրվել է որպես նվեր Իվան 4-րդին, քանի որ նրա թագավորության ժամանակաշրջանին են վերաբերում փղոսկրյա գահին առնչվող փաստաթղթերը: Հավանաբար այդ պատճառով էլ այն կոչվում է «Իվան Ահեղի գահ»: Գիտնականները համընդհանուր կարծիք չունեն նաև այդ գահի ստեղծողների հարցում, քանի որ դեռ 17-րդ դարի կեսերին մոսկովյան արհեստավորներն իրականացրել են դրա վերականգնումը` կոտրված փղոսկրե թիթեղները փոխարինել են նորերով:
Գահի հին պատկերների հիման վրա որոշ փորձագետներ կարծում են, որ գահը պատրաստել են եվրոպական արհեստավորները, բայց կարծիքներն այստեղ նույնպես տարբերվում են: Ինչ-որ մեկը դրանք վերագրում է իտալացի վարպետների ստեղծագործություններին, մյուսները` գերմանացիներին: Որոշ գիտնականներ կարծում են, որ գահը բյուզանդական արհեստավորների աշխատանքն է, հնարավոր է նաև, որ հայ արհեստավորների: Իվան Ահեղի գահը փղոսկրյա փորագրություններով առաջին գահն է եղել Ռուսաստանում: Դրանից առաջ իշխաններն ու թագավորները նստել են փայտե գահերի վրա, որոնք երեսպատված են եղել ոսկով և զարդարված են եղել թանկարժեք քարերով: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հյուսիսցի արհեստավորները ևս վարպետ են եղել ոսկորների փորագրման գործում:
Օրինակ՝ պապական ունցիա Հովհաննես Պլանո Կարպինին 1245 թվականին իր զեկույցում գրել է, որ, մասնակցելով Ոսկե Հորդայի խան Գույուկին ընտրելու միջոցառմանը, տեսել է գերեվարված ռուս վարպետ Կուզմային և նրա կողմից երիտասարդ խանի համար պատրաստված շքեղ փորագրված գահը, որը զարդարված է եղել ոսկով և թանկարժեք քարերով ... Ընդ որում, փորագրությունները խիստ զարմացրել են պապական բանագնացին, որը մինչ այդ, իհարկե, ծանոթ է եղել իտալացի վարպետների շատ գործերի:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































