ԱՄՆ Կոնգրեսում կայացել է Արցախի անկախությանը նվիրված ամենամյա միջոցառում
ОБЩЕСТВОԱՄՆ Կոնգրեսի «Rayburn» մասնաշենքում դեկտեմբերի 9-ին կայացել է Արցախի անկախության տարեդարձին նվիրված ամենամյա միջոցառումը:
Ելույթներով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ռոբերտ Դոլդը, Ֆռանք Փըլոնեն, Ադամ Շիֆը, Քեթրին Քլարքը, Ջուդի Չուն, Դինա Թիթուսը և Ջիմ Կոստան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, իր ելույթում դեսպան Տիգրան Սարգսյանը երախտիքի խոսքեր է ուղղել Արցախի անկախությանը մշտական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ օրենսդիր իշխանության մարմնի ներկայացուցիչներին և ԱՄՆ հայ համայնքի անդամներին:
Դեսպանը խորհրդանշական է համարեց նաև այն հանգամանքը, որ Արցախի անկախությանը նվիրված միջոցառումն անցկացվում է դեկտեմբերի 9-ին` Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակման և հարգանքի միջազգային օրը, ինչը հնարավորություն է տալիս նաև հիշատակել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:



