Ինչպե՞ս են պատրաստվում շարունակել պայքարը
ОБЩЕСТВОՎերջին մի քանի օրերին, ինչպես տեսնում ենք, որքան էլ ժողովուրդը միասնականորեն պայքարում է, սակայն սայլը տեղից չի շարժվում: Մասնակիցները, դատելով հավաքի չափսերից, չեն պատրաստվում տեղի տալ:
Սակայն նախաձեռնող խմբի ֆեյսբուքյան էջում, որն էլ ի դեպ հանդիսացավ պայքարի տարածման լավագույն միջոցը և գործում է շատ ակտիվ, անդամներից Արսեն Մանուկյանը առաջարկ-հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.
«Հայեր ջան, ինչպես տեսնում եք, "իշխանությունները" տեղի չեն տալիս և, կարծես թե համակերպվելով Բաղրամյան պողոտայում կատարվող իրադարձությունների հետ, ձգձգում են խնդրի լուծումը: Միգուցե ճիշտ կլիներ համակարգող խմբի կողմից տարածել հայտարարություն առ այն, որ երկարաձգելու դեպքում Բաղրամյան պողոտայից բացի, տարերայնորեն կփակվեն նաև մայրաքաղաքի այլ փողոցներ: Մասնավորապես հավաքված մարդկային ռեսուրսով կարելի է հեշտությամբ, թեկուզ մի քանի ժամով, փակել Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաները: Սա կստիպի պատկան մարմիններին շարժվել տեղից և գնալ ընդառաջ ժողովրդի կողմից առաջադրված խնդիրների լուծմանը»:
Հարց է առաջանում, թե արդյո՞ք սա նոր բռնությունների առիթ չի հանդիսանա: Եթե մեկ փողոցի «համար» ոստիկանությունը մոտ 250 հոգու տարավ բաժանմունք, ապա այս դեպքում հարցը լրջանում է:
Այնուամենայնիվ, հարկավոր է գործել հնարավորինս կազմակերպված և ինչպես ասում է ժողովրդական առածը՝ տասը չափել, մեկը կտրել:
Արուսիկ Տիգրանյան



