Եթե Ադրբեջանը համարում է, որ արցախյան խնդիրը լուծել է, ապա ո՞ւմ դեմ է ուղղված այդ զորավարժությունները և ի՞նչ են խաղարկում հիմա. Հայկ Խաչիկյան
АНАЛИТИКАԱդրբեջանը տարիներ շարունակ տարեկան անցկացնում էր 3-4 խոշոր զորավարժություն, իսկ հիմա այս զորավարժության առանձնահատկությունը, թերևս, այն է, որ դա անցկացվում է հետպատերազմական ընթացքում. Tert.am-ի հետ զրույցում ասաց Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում մարտի 15-18-ը անցկացվող զորավարժություններին:
«Եթե մինչև պատերազմը զորավարժությունների տրամաբանությունը, խնդիրը Արցախի տարբեր հատվածներից ճեղքման սցենարներ խաղարկելն էր, և եթե հիմա իրենք համարում են, որ Արցախյան խնդիրը պատմություն է, իրենք լուծել են, ապա ո՞ւմ դեմ են ուղղված այդ զորավարժությունները և ի՞նչ են խաղարկում հիմա»,-ասաց նա:
Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանն այս զորավարժությունը թիկունքային ուժերի աջակցությամբ է իրականացնում։ Ադրբեջանի առաջին կորպուսի ստորաբաժանումն է ներգրավված, որը նախապատերազմական իրավիճակում տեղակայված էր Արցախի հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ և պատերազմի ընթացքում այդ ուղղությունից ադրբեջանական ուժերին խորանալ այդպես էլ չհաջողվեց։
Հարցին, թե Հայաստանը պատերազմից հետո զորավարժություն չէր անցկացրել և այժմ Ադրբեջանի հետ միաժամանակ է իրականացնում, արդյո՞ք սա պատահականություն է, Խաչիկյանը պատասխանեց, որ զորավարժությունների անցկացման ժամանակացույցի համընկումը դիտարկում է, որպես ադրբեջանական զորավարժություններին պատասխան գործողությունների տրամաբանության շրջանակներում:
Անդրադառնալով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, որ զորավարժությունները հակաահաբեկչական բնույթ ունեն և նպատակն է ոչնչացնել անօրինական զինված խմբավորումները, դիվերսիոն ջոկատները, Խաչիկյանը նկատեց, որ Ադրբեջանում հակաահաբեկչական պայքարի համար մասնագիտացված և պատրաստված ստորաբաժանումներից են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը և Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հատուկ նշանակության խմբերը այդ տիպի գործողություններում, ներգրավված են եղել այդ խմբերն, իսկ հիմա հակաահաբեկչական անվան տակ բանակն է չգիտես ինչու ներգրավված զորավարժությանը։
«Իրականում բանակը զրահատեխնիկայի, համազարկային տեխնիկայի ռեակտիվ համակարգերի կիրառությունը զորավարժություններում չի կարող հակաահաբեկչական պայքարի շրջանակներում օգտագործվել: Դասական իմաստով զորավարժությունները հակաահաբեկչական պայքարի համար չեն, հատկապես, որ Ադրբեջանում կան նման կառույցներ, դա բանակի խնդիրը չէ»,– ասաց նա:
Խոսելով հայկական կողմի՝ պատերազմից հետո առաջին զորավարժությունների անցկացման մասին, Խաչիկյանը նշեց, որ պատերազմից հետո զորավարժություն կազմակերպելու համար համակարգային, երկար աշխատանք է պետք և տեխնիկապես դժվար է արագ զորավարժություն իրականացնելը. «Զորավարժությունները, ըստ էության, փորձություն են նաև Զինված ուժերի բարձրագույն ղեկավարության համար, որովհետև զորավարժություններին տարբեր սցենարներ ու խնդիրներ են խաղարկվում, որին մասնակցություն է ունենում հրամանատարությունը, բայց այն, որ առ այսօր չունենք Գլխավոր շտաբի պետ, կա միայն ժամանակավոր պաշտոնակատար, հաստատված ղեկավարություն չունենք, այս պայմաններում զորավարժությունների արդյունավետությունը գնահատելը դժվար եմ պատկերացնում»:




















































