Եթե Երևանն ու Մոսկվան նոր պայմանավորվածություն ձեռք չբերեն, ապա հնարավոր է, որ սահմանին ռուսական գազը թանկանա․ Աբրահամ Գասպարյան
АНАЛИТИКАՀայաստանի շուկայում էներգակիրները թանկանում են: 15 օրից էլ քիչ է մնացել ռուսական գազի՝ Հայաստանի սահմանին հնարավոր թանկացմանը, ինչի մասին խոսում էին դեռ անցած տարվանից: Եվ հակառակ կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին, Գազպրոմն իր արտադրական ծավալները մեծացրել է դեպի ԱՊՀ երկրներ ու Եվրոպա: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։
«Կապույտ վառելիքն անցած ամսվա ընթացքում Ռուսաստանից հատել է սահմանն ու հասել Գերմանիա ավելի քան 28 տոկոսով, Թուրքիա՝ 80 տոկոսից ավելի, Ֆինլանդիա ու Ռումինիա՝ 75 տոկոսից ավելի: Մի խոսքով՝ Եվրոպան փորձում է տնտեսությունն ակտիվացնել հետքովիդյան շրջանում՝ սպառելով ավելի շատ գազ: Մեր դեպքում՝ գազը խնդիր է: Նախկինում է՛լ հարթ չեն եղել բանակցությունները, բայց քաղաքական ընդհանուր տրամադրվածությունը, Հայաստանում ռուսական ազդեցության գործոնի ընդլայնման դիմաց՝ իշխանությունները կարողացել են քիչ թե շատ գազի գինը պահել խելամտության սահմանում:
Հիմա ամսվա վերջին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը, և եթե Երևանն ու Մոսկվան նոր պայմանավորվածություն ձեռք չբերեն, ապա հնարավոր է սահմանին ռուսական գազը թանկանա և ավելի բարձրանա քան 165 դոլարը՝ հազար խմ-ի համար: Այսօր պիտի մեկնարկեր պաշտոնական Երևանի, եթե կարելի է ասել՝ գազային պատվիրակության այցը Ռուսաստան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Հակառակ դեպքում թանկացող էներգակիրների պայմաններում մեր տնտեսությունը և տնտեսվարողները շարունակելու են կորցնել մրցունակությունը, և էլ ավելի կխորանա ճգնաժամը»,– ասել է նա։
Հեղինակը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ 2 տարի առաջ էր խոստանում՝ նվազեցնել բնական գազի և էլեկտրաէներգիայի գինը, ինչը իրականություն չդարձավ՝ մնացած գրեթե բոլոր խոստումների նման: «Ավելին, բոլորի հետ հարաբերություններ փչացնելու Փաշինյանի բացառիկ տաղանդի շնորհիվ՝ կորոնայից ուշքի չեկած բիզնեսը հավելյալ կորուստ կրեց, երբ բնական գազի գինն ավելացավ 6 տոկոսով, իսկ մեկ ամիս առաջ հոսանքը թանկացավ 8 տոկոսով: Հիմա գնաճը վխտո՛ւմ է երկրում: Թանկացել է ամեն ինչ՝ վառելիքից մինչև սննդամթերք: Եթե բանակցային թիմը հաջողության չհասնի Մոսկվայում, հնարավոր է տնտեսական ճգնաժամը խորանա մեր երկրում, տնտեսվարողն էլ շարունակի կորցնել մրցունակությունը, շուկան մնա անտեր-անտիրական: Մեծ հաշվով՝ սա ձեռնտու կլինի բիզնես և քաղաքական այն շրջանակներին, որոնք Հայաստանի տնտեսական գահավիժման փրկությունը տեսնում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանի բացման, թուրքական կապիտալը Հայաստան բերելու մեջ»,– ասել է նա:
Աբրահամ Գասպարյանը նշել է, որ Հայաստանում կան օլիգարխիկ որոշ շրջանակներ, որոնք աջակցում են գործող իշխանությանը և համոզում՝ մակրոտնտեսական քաղաքականությունը տապալած Փաշինյանին, որ փրկօղակն ու իշխանությունում վերարտադրվելու բանալին Անկարայում ու Բաքվում է, որ պետք է վայրկյան առաջ բացել սահմանը թուրքական շինարարական կապիտալի առաջ, որպեսզի այստեղ բունտ չբարձրանա: Սա մի՛ կողմից, մյուս կողմից էլ՝ ռուսական շահերի ազդեցության հավասարակշռման խնդիր կա: «Դա, իհարկե, քննարկման այլ թեմա է, գեոտնտեսական ու գեոքաղաքական բալանսավորումների խնդիր է, որին առաջիկայում անպայման կանդրադառնամ: Փաստորեն՝ գազի գնագոյացում, դոլարի փոխարժեք. գործոններ, որոնք կարող են կամ փրկե՛լ մեր տնտեսությունը շնչահեղձումից, կամ խորացնել ճգնաժամը: Մեր ազգային դրամը շարունակում է արժեզրկվել, ինչը մոտ ապագայում ազդելու է նաև գազի գնի վրա, ինչն անդրադառնալու է ամբողջ ցիկլի վրա՝ գազալցակայանից մինչև հացի արտադրամաս»,– ասել է հեղինակը:




















































