Ֆենեչեկներ՝ սեփական «պատմությունը» ներկայացնող զարդեղեն․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
«Ֆենեչեկը» կամ «ֆենկան» ձեռագործ ստեղծագործության արդյունք է, ավելի պարզ ասած՝ որոշակի ձևով հյուսված թելերի կամ ուլունքների համադրություն: Այն հանդիսանում է բարեկամության խորհրդանիշ: Նման հետաքրքիր զարդեղենն ունի իր առաջացման յուրահատուկ պատմությունը: Սկզբնապես ֆենեչեկները կոչվել են գոտիներ և ապարանջաններ, որոնք պատրաստել են հյուսիսամերիկյան հնդիկները: Բայց դրանք ստեղծվել են ոչ միայն գեղեցկության համար: «Գործված» լինելով տարբեր նախշերով և հանգույցներով՝ դրանցից յուրաքանչուրը կարող է ներկայացնել իր պատմությունը: Նախկինում նման գոտիները փոխանակվել են տարբեր ցեղերի առաջնորդների միջև՝ որպես դաշինքի նշան, իսկ ապարանջանները փոխանակել են մարտիկները՝ կարծես եղբայրությունը շեշտելու համար: Ապարանջանը կամ գոտին պետք է պատրաստեր այն նվիրող կողմը:
Նվերը հանելը վատ նշան է համարվել, դա նշանակել է միության կամ եղբայրության ավարտ: Հետևաբար, նվիրված գոտիներն ու ապարանջանները մաշվել են մինչև փչանալու կամ կրելու անհնարինության աստիճան: Քանի որ նման ապարանջաններ ստեղծելը մեծ ծախս չի պահանջում, 20-րդ դարի կեսերին այդ գաղափարը որդեգրել են հարստության և զարդերի հակառակորդները, առաջին հերթին՝ հիպի շարժման երկրպագուները, որոնք գնահատել են բնական և ձեռագործ աշխատանքները: Նրանք վերակենդանացրել են հին ժամանակների այդ ավանդույթը և սկսել են միմյանց նվիրել բազմագույն ֆենեչեկներ՝ ի նշան բարեկամության, ընդ որում, այն աստիճան, որ նրանցից ոմանք պարզապես ծածկված են եղել դրանցով: Արդյունքում, ֆենեչեկը դարձել է այդ շարժման տարբերիչ ու ոչ պաշտոնական նշանը:
Դրանք անգամ հարսանեկան մատանիների փոխարինիչներ են եղել: Ֆենեչեկներ կարելի է տեսնել նաև բուդդայական կրոնում: Ներկայումս այդ զարդերը պատրաստվում են ձեռքի տակ եղած բոլոր նյութերից `ժապավեններ, թելեր, մետաղալարեր, ուլունքներ և այլն: Ընդ որում, դրանք կարելի է կրել միայն որևէ հատուկ իրադարձության դեպքում, հակառակ դեպքում հնարավոր է բախում շրջապատի հետ: Եթե ի սկզբանե ֆենեչեկներ պատրաստվել են անհատական կերպով, ապա 20-րդ դարի վերջից այդ գործընթացը ավտոմատացվել է, և այժմ նման զարդեր կարելի է գտնել շատ խանութներում: Մի կողմից՝ սա լավ է, քանի որ ֆենեչեկները գեղեցիկ զարդեր են, բայց նման կերպ իսկական ձեռագործ ֆենեչեկների արժեքը կորչում է: Տարբեր երանգների ֆենեչեկներն ունեն իրենց խորհրդանշական նշանակությունը:
Բայց գունային կոմբինացիաները կարող են մեկնաբանությունների ավելի լայն շրջանակ ունենալ: Օրինակ՝ յոթ երանգանի ֆենեչեկը նշանակում է սեր և բարեկամություն, բայց եթե դրանից հանվի մեկ գույնը` կապույտը, ապա այդպիսի ֆենեչեկն արդեն դառնում է սեռական փոքրամասնությունների խորհրդանիշ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ հիմա շատ քչերն են ուշադրություն դարձնում այդ զարդերի խորհրդանշական դերին, գլխավորը պարզապես նրանց գեղագիտական տեսքն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































