Նոթատետր՝ «ցանց կորչող մտքերի համար». «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Նոթատետրը (անգլ.՝ block-notes, block բառից, որ նշանակում է միացում, խումբ և notes բառից, որ նշանակում է գրառումներ, նշումներ) գրառումների փոքրիկ տետր կամ գրքույկ է առանձնացվող թերթերով, որոնք սովորաբար ամրացված են լինում վերևի մասից՝ ամրակներով կամ մետաղական պարույրով։ Նոթատետրի թերթերը լինում են A5, A6, A7 ֆորմատի։ Նոթատետրը սովորաբար ունենում է կազմ, տիտղոսաթերթ և հիմնական մաս (թերթեր)։ Սովորաբար կազմի համար օգտագործվում է ստվարաթուղթ: Նվիրելու համար նախատեսված տարբերակը ունենում է կազմի հատուկ դիզայն և ձևավորում։ Նոթատետրերի ծննդավայրը ռոմանտիկ Ֆրանսիան է, իսկ դրանց հեղինակները ռոմանտիկ և սիրառատ ֆրանսիացիներն են:
«Արև արքա» Լյուդովիկոս 14-րդի արքունիքում փոքրիկ գրությունները շատ ընդունված են եղել, որոնք պարահանդեսների և այլ իրադարձությունների ժամանակ աննկատ փոխանցվել են հասցեատերերին: Պարզ է, որ դրանք հիմնականում սիրային գրություններ են եղել: Դա շատ հարմար է եղել՝ մանավանդ հաշվի առնելով բազմության մեծ քանակը և այնտեղ տիրող մթնոլորտը: Այդ գրությունները պարզապես թղթի կտորներ չեն եղել, մարդիկ փորձել են դրանց տալ ինչ-որ հատուկ գեղագիտական տեսք, քանի որ այն ժամանակ հարգի են եղել բարձր ճաշակը և հաղորդակցման նուրբ ձևերը: Գրառումներ գրելու և թղթի դատարկ թերթեր պահելու հարմարության համար որոշ ազնվականներ պատվիրել են փոքրիկ գրքույկներ, որոնց թերթերը հեշտությամբ էին պոկվում՝ «ձեռքի մեկ շարժումով»:
Նման կերպ էլ հայտնվել են առաջին նոթատետրերը: Անգամ Ֆրանսիայի Տուրս քաղաքում հիմնվել է նոթատետրերի փոքրիկ ընտանեկան արտադրություն: Կոշտ, ամուր, անջրանցիկ կազմ, կլորացված անկյուններ, որոնք հարմար են գրպանում պահելու համար, և հատուկ գրպանիկ փոքր գրությունների համար:Այն ստացել է «մոլեսկին» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է խլուրդի կաշի, կամ, այլ կերպ, «սատանայի մաշկ»՝ իր արտասովոր ամրության պատճառով: Իսկ ժամանակակից գործնական նոթատետրերի ստեղծողները յանկիներն են: Ժամանակի ընթացքում պարզվել է, որ նոթատետրը հարմար է ոչ միայն ինչ-որ մեկին նամակ գրելու, այլ նաև տարբեր՝ հիմնականում կարճ տեղեկություններ ֆիքսելու համար: Եվ ամերիկացիները ստեղծել են նոթատետրեր: Հետաքրքիր է, որ ի սկզբանե նոթատետրեր պատրաստելու համար օգտագործել են գրքերի տպագրության արդյունքում առաջացած թղթի թափոնը, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվել է, և սկսել են օգտագործել ավելի որակյալ թուղթ և կազմ:
Հատուկ ուշադրության է արժանի 1872 թվականին Ամերիկայում ստեղծված զսպանակով միացված և պոկվող թերթերով նոթատետրը, որը ստեղծվել է ամերիկացի գրող Մարկ Տվենի կողմից, որն այդ ժամանակ դեռ բոլորովին էլ հայտնի չի եղել և չի ունեցել կեղծանուն, այլ եղել է Սամյուել Կլիմենս անունով մի երիտասարդ: Նոթատետրն Ամերիկայում զգալիորեն փոփոխվել է՝ ավելի ու ավելի նմանվելով ժամանակակից պինդ նոթատետրերին: Էքսցենտրիկ ազնվականներից հետո դրանք դարձել են գործարար մարդկանց, առևտրականների և, իհարկե, բանաստեղծների, արվեստագետների և գիտնականների գրպանի անբաժանելի իրը: Եվ դա զարմանալի չէ: Իզուր չէ, որ անգլիացի գրող Բրյուս Չատվինը նոթատետրը անվանել է «ցանց կորչող մտքերի համար»:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































