Տամագուչի. վիրտուալ ընտանի կենդանի. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Մեծ թվով երեխաներ երազում են իրենց ընտանի կենդանին ունենալու մասին, սակայն հաճախ մեծերը չեն շտապում իրենց ծանրաբեռնել ընտանի կենդանի պահելով: Բայց կարելի է գտնել փոխզիջումային տարբերակ: Ոչ այնքան հեռավոր 1996 թվականին ճապոնացի Ակի Մաիտան «Bandai» ընկերությանն է առաջարկել իր մտահղացումը՝ վիրտուալ ընտանի կենդանի: Այդ գաղափարը հենց նույն տարում խանդավառությամբ կյանքի է կոչվել, և ստեղծվել է նորագույն այնպիսի խաղալիք, որը նախկինում չի եղել: Խաղալիքին տվել են Տամագուչի անունը, որը թարգմանաբար նշանակում է «ձու ժամացույց»:
Այդպես է սկսել աշխարհը նվաճած Տամագուչիի պատմությունը: Սկզբում վիրտուալ կենդանուն ստեղծել են միայն որպես GameBoy դյուրակիր կցորդիչի հավելում: Հետագայում ընկերությունը սկսել է արտադրել բոլորին հայտնի Տամագուչին որպես առանձին սարք, որի մեջ ապրում են էլեկտրոնային կենդանիները: Առաջին խաղալիքները եղել են ձվաձև և իսկապես նման են եղել երեք կոճակով ձվի: Այդ տեսքը համարվել է դասական, բայց որոշ ժամանակ անց տարբեր ընկերություններ սկսել են արտադրել ոչ ստանդարտ ձևերի և չափերի Տամագուչիների «կրկնօրինակներ», որոնք տարբերվել են բնօրինակից մի շարք գործառույթներով և կոճակներով: Խաղի սկզբունքն այն է, որ նախ անհրաժեշտ է «գնել» էլեկտրոնային ընտանի կենդանի: Որոշ մոդելներում եղել են լայն ընտրության հնարավորություններ՝ երեխաներից և տարօրինակ այլմոլորակայիններից մինչև արջեր և սագեր: Դրանից հետո կենդանու տերը պարտավոր է խնամել նրան՝ կերակրել, խաղալ, բուժել, լվանալ և մաքրել նրանց հետևից:
Կենդանին աճում է խնամքից, կամ սատկում պատշաճ խնամքի բացակայության պատճառով: Դա նույնիսկ հանգեցրել է ճապոնացի մի քանի երեխաների ինքնասպանության, որոնք չեն կարողացել իրենց սիրելի կենդանիներին փրկել մահից: Նման ողբերգական իրադարձություններից հետո որոշվել է հնարավորություն տալ վերսկսել խաղը, այսինքն, կենդանին չի սատկում, ինչպես նաև թողարկել են այնպիսի մոդելներ, որոնցում խնամքի բացակայությունը պարզապես բերում է ընդամենը ընտանի կենդանու տրամադրության անկման, այնուամենայնիվ, նա ապրում է՝ անկախ նրանից, նրան կեր տալիս են, թե ոչ: Տամագուչիի պահանջարկը շատ մեծ է եղել: Յուրաքանչյուր սեփականատեր անընդհատ հետևել է իր ընտանի կենդանուն, որը բաղկացած է եղել LCD էկրանին շարժվող սև կետիկներից, այդ խնամքը մարդկանց կտրել է աշխատանքից, իսկ երեխաներին՝ դասերից:
Տամագուչին տարածվել է ամբողջ մոլորակի վրա: Այնուամենայնիվ, այդ խաղալիքի ժողովրդականությունը արդեն վաղուց անցել է, մարդիկ մոռացել են իրենց Տամագուչիին, և այժմ դուք չեք հանդիպի մարդու, ով ոգևորությամբ սեղմում է փոքրիկ ձվաձև էլեկտրոնային խաղալիքի կոճակները: Այժմ այդ «ընտանի կենդանիները» տեղափոխվել են համակարգիչներ և հեռախոսներ, ձեռք են բերել ձայն, գույն, բնույթ և վերածվել «իրական» վիրտուալ կենդանիների, միևնույն ժամանակ դադարել են լինել Տամագուչիի նման: Բայց դեռ երբեմն հանդիպում է «Bandai» ֆիրմայի արտադրած այդ խաղալիքը դրա սիրահարների մոտ: Ավելացնենք, որ ընկերությունը առաջին Տամագուչիի հայտնվելուց 13 տարի անց ստեղծել է գունավոր էկրանով և սմարթֆոնին միանալու հնարավորությամբ Tamagotchi ID- ի խաղալիքը, և այն կրկին ունեցել է նույն երեք կոճակով ձվի տեսքը: Դրանից հետո՝ 2011 թվականին, «Bandai»-ն բարելավել է Տամագուչին և ստեղծել Tamagotchi- IDL մոդելը:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































