ՀՀ-ում դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի բնականոն ընթացք. ԱՆ-ն` խոզի գրիպի տարածման մասին
ОБЩЕСТВОTert.am-ը գրում է .
Հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալներով դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի բնականոն, օրինաչափ ընթացք: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հարևան Իրանում H1N1 վիրուսի՝ նույն խոզի գրիպի տարածումը, իր ազդեցությունը ունի նաև Հայաստանում:
Նախարարությունից տեղեկացրին, որ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը այսօր առավել քիչ է շրջանառում, քան 2014-2015 թվականների գրիպի սեզոնին: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Հայաստանում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին:
Նախարարությունից նաև վստահեցրին՝ հանրապետության բժշկական կազմակերպություններում, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքներում, հետգրիպային բարդություններով հիվանդներ չեն բուժվում:
«Իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալներով, այսօր մեր երկրում շրջանառում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ, այնպես էլ գրիպի Ա և Բ տեսակի վիրուսներ: Հանրապետությունում առկա են գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար նախատեսված հակավիրուսային պատրաստուկներ»,-տեղեկացրին ԱՆ-ի հասարակայնության կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Իրանում խոզի գրիպի հետևանքով մահացածների թիվն ավելացել է` հասնելով 42-ի:



