«Ոչ»-ի կողմնակից ուսուցչին հեռացրել են աշխատանքից
ИНТЕРВЬЮ
Ուսուցիչ, վերլուծաբան Կարպիս Փաշոյանին հեռացրել են Երևանի թիվ 145 դպրոցից, որտեղ նա դասավանդում էր պատմություն առարկա:
Կարպիսն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում, նրան կարելի էր տեսնել Բաղրամյանի պայքարում, «Ոչ»-ի հանրահավաքներում, քարոզչական հոլովակներում և այլուր: Նրա պնդմամբ՝ աշխատանքից ազատումը պայմանավորված է հենց այդ հանգամանքներով: «Բնականաբար, հենց այդպես չեն կարող հիմնավորել: Պատրվակ բերեցին ուշացումներս: 145 դպրոցում եմ աշխատում, նաև աշխատել եմ 37 դպրոցում և սովորում եմ համալսարանում:
Շատ զբաղված եմ, բայց նախկինում այդ ուշացումներս ընկալելի էին տնօրինության համար: Ուշացումներս սկսեցին չընկալվել, երբ սկսվեց «Ոչ»-ի պայքարը»,-Past.am-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը:
Փաշոյանն ասաց, որ տնօրեն Ռիմա Դավթյանի հետ առաջին վիճաբանությունը եղել է, երբ առաջին անգամ գրաֆիտի անելու համար բերման է ենթարկվել:
«Հետո էլ Բարեկամության կամրջի վրա «Ոչ»-ի մեծ պաստառ էի տեղադրել: Այդ ժամանակ արդեն ինձ ներկայացվեց վերջնագիր՝ կա´մ «Ոչ»-ը, կա´մ դպրոցը: Իմացա, որ տնօրենին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն են կանչել և նկատողություն արել: Հանրաքվեից առաջ քարոզչական հոլովակներում էի նկարահանվում:
Հանրաքվեն անցավ, այդ ամենը կուտակվեց, ուշացումներս էլ պատրվակ օգտագործեցին, ասացին՝ ես անպատասխանատու եմ: Նրանք ինձ գրավոր նախազգուշացումներ չեն արել»,- պատմեց Կարպիս Փաշոյանը: Այս ամբողջ պատմություններից հետո մեր զրուցակցին հայտնեցին, որ չեն ուզում նրան տեսնել նույն կոլեկտիվում:
Վերջինս գրել է իր ազատման դիմումը:
Լևոն Փանոսյան




















































