Արամ Խաչատրյանի անվան տրիոն երկար դադարից հետո առաջին համերգով հանդես կգա Երեւանում
КУЛЬТУРА
Արամ Խաչատրյանի անվան տրիոն պատրաստվում է մեծ համերգային շրջագայության, որը տեղի է ունենալու 2021-ի մարտին Ռուսաստանի քաղաքներում։ Անցած տարին փորձություն էր ողջ երկրպագնդի համար, ինչը չէր կարող չանդրադառնալ հայ երաժիշտների գործունեության վրա։
Հանրահայտ տրիոն, որը վերջին տարիներին հաճախակի եւ ակտիվորեն համերգային շրջագայություններ էր ունենում ամբողջ աշխարհով մեկ, ստիպված է եղել գրեթե մեկամյա դադար վերցնել։ Արդեն այս տարի՝ փետրվարի 10-ին, Խաչատրյան տրիոն մեծ դադարից հետո առաջին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բեմում։ Սակայն կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, տրիոյի հիմնադիր թավջութակահար Կարեն Քոչարյանը չի կարողանալու ներկա լինել ելույթներին, նրան կփոխարինի երիտասարդ երաժիշտ Արտյոմ Իոանիսյանը:
Եռյակի դաշնակահար՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշում է. «Արդեն տեւական ժամանակ է, ինչ մեծ ցանկություն է առաջացել կրկին բազմազան ծրագրերով դուրս գալ բեմ։ Ստեղծված պայմաններում վերագնահատվում է նաեւ փորձերի արժեքը: Թվում է, թե մենք պատրաստվում ենք մեր առաջին ելույթին, չնայած անսամբլը ավելի քան քսան տարեկան է: Մենք անչափ շնորհակալ եւ երախտապարտ ենք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին եւ անձամբ հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին, մեզ այս հնարավորությունը ընձեռելու համար»: Կոնստանտին Իշխանովը նշեց, որ ինքը վաղուց ծանոթ է Խաչատրյան տրիոյին եւ միշտ հետեւում է նրանց ելույթներին։
Փետրվարի 10-ին՝ ժամը 19։00-ին, Երեւանում՝ Խաչատրյանի տուն-թանգարանում, տեղի ունենալիք համերգային ծրագրում ընդգրկված են Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները, ինչպես նաև կհնչի Ալեքսեյ Շորի դաշնամուրային տրիոն, որը կատարվելու է առաջին անգամ:




















































