Բարեգործական նախաձեռնությունը կմեկնի Տավուշ ուրախացնելու տավուշցի երեխաներին ու զինվորներին
ОБЩЕСТВО«Մենք» երիտասարդական բարեգործական նախաձեռնությունն Աբովյան փողոցի Սբ Աննա եկեղեցու մոտակայքում դեկտեմբերի 11-19-ն ակցիա է անցկացնում, որի շրջանակներում նախատեսում է հավաքագրել տարբեր տեսակի նվերներ՝ քաղցրավենիք, հագուստ և այլ իրեր, Տավուշի մարզի Չինարի, Պառավաքար գյուղեր և Տավուշի զորամասերից մեկը տանելու համար:Այս մասին ասաց «Մենք» նախաձեռնության ղեկավար Արման Անդրեասյանը:
«Այն ամենն, ինչ կհավաքվի ակցիայի ընթացքում, մենք կտանենք Տավուշ: Դեկտեմբերի 22-23-ը լինելու ենք Տավուշի մարզի Չինարի և Պառավաքար գյուղերում և զորամասերից մեկում: Տավուշի մարզում գտնվելու ընթացքում կազմակերպելու ենք ներկայացումներ Չինարիի ու Պառավաքարի երեխաների ու զինվորականների համար, փորձելու ենք նրանց ժպիտ պարգևել»,- ասաց նախաձեռնության ղեկավարը:
Քանի որ ակցիան նոր է սկսվել, ակտիվություն դեռ չկա, շատ քիչ բան է հավաքվել, սակայն իրենք վստահ են, որ կհասնեն ցանակալի արդյունքի: Տավուշի մարզում «Մենք»-ի անդամներին արդեն սպասում են:
Նախաձեռնության ղեկավարը նշեց, որ սա երկրորդ նմանատիպ ակցիան է, նախորդը կազմակերպվել էր հոկտեմբերին, ակցիայի ողջ հասույթը դարձյալ ուղարկվել էր Չինարի: Հավաքվել էր 8000-ից ավելի հագուստ, 1500 տուփից ավելի ծխախոտ, 200 կգ քաղցրավենիք:
«Մենք բոլորին սպասում ենք, խնդրում ենք լինել ակտիվ, մասնակցել նախաձեռնությանը ու ուրախացնել սահմանին գտնվողներին»,- հավելեց Անդրեասյանը:



