Ոստիկանությունը ծառայողական քննություն է կատարել ԶԼՄ-ի հրապարակման հիման վրա
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` նոյեմբերի 24-ին www.hraparak.am կայքում և «Հրապարակ» թերթում հրապարակված «Այո»-ի ձեռքը կրակն են ընկել» հոդվածում նշված հանգամանքերը ստուգելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն, որը հանձնա րարվել էր ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, քննության ընթացքում հեռախոսակապ է հաստատվել «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ` հոդվածում նշված հանգամանքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես և նշված տեղեկությունը հայտնած անձի տվյալները պարզելու համար: Գլխավոր խմբագիրը հրաժարվել է հոդվածում նշվածից բացի այլ տեղեկատվություն տրամադրել:
«Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը, նույն վարչության պետի տեղակալը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, նույն բաժնի պետի երկու տեղակալները, քրեական հետախուզության բաժանմունքի պետը, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետը և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի պետը բացատրություններով հայտնել են, որ հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ավելին, ոստիկանության որևէ ծառայողի երբևէ չի պարտադրվել ներկայանալ քվեարկության և չի խոչընդոտվել նրանց կամքի ազատ արտահայտման իրավունքը: Որևէ վերադասի կողմից քվեարկության ներկայանալու կամ «այո» քվեարկելու վերաբերյալ «հանձնարարական» երբևէ չի ստացվել և ենթակա ստորաբաժանումների որևէ ծառայողի նման «հանձնարարական» չի տրվել:
Կատարված ծառայողական քննության արդյունքներով՝ հրապարակման մեջ նշված` հանրաքվեի ընթացքում սահմանադրական փոփոխությունների օգտին «այո» քվեարկելու համար ոստիկանության ծառայողների նկատմամբ վերադասի կողմից պարտադրանքի առկայության վերաբերյալ տեղեկությունը չի հիմնավորվել և ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել»,- նշված է ՀՀ ոստիկանությամ պարզաբանման մեջ:



