Գեղարքունիքում ավտովթարի երեք զոհերից երկուսն ամուսիններ են. վարորդը դիմել է փախուստի
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի տարածքում, Սեւան-Գավառ ավտոմայրուղում դեկտեմբերի 11-ի երեկոյան` ժամը 19-ի սահմաններում գրանցված աղետալի ավտովթարի հետեւանքով տեղում մահացել են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի երեք բնակիչներ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, հրշեջ-փրկարարները Սեւանի հեիվանդանոց եւ Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող երեք անձանց դիերը, իսկ «Ֆորդ»-ին բախված «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը փրկարարների ժամանման պահին անհետացած է եղել: Ավտովթարի երեք զոհերը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղից են, որոնցից երկուսը՝ ամուսիններ՝ երեք անչափահաս երեխաների ծնողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դդմաշենի գյողապետ Ավետիս Ավետիսյանը, ամուսիններ Վահրամ Սահակյանը եւ Լարիսա Տյուլենեւան երկար տարիներ ապրել են ՌԴ Նալչիկ քաղաքում, ապա վերջին երեք տարիների ընթացքում նորից բնակության տեղափոխվել հայրենի Դդմաշեն. «Ամուսիններն արդեն լուծել էին գրանցման խնդիրները, ընտանիքիքն ընդգրկվել էր աղքատության ընտանեկան նպաստների համակարգում, քանի որ չունեին հիմնական աշխատանք եւ երեք անչափահաս երեխաների ունեն, որոնց երեկ թողել էին տատիկի մոտ ու գործերով Մարտունի մեկնել համագյուղացի Գեղամ Սաֆարյանի ավտոմեքենայով: Մարտունուց Դդմաշեն վերադարձի ճանապարհին էլ տեղի է ունեցել ողբերգությունը»,-ներկայացրեց Ավետիս Ավետիսյանը:
ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Արայիկ Քոչարանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դեկտեմբերի 12-ի ժամը 12:30-ի դրությամբ դեռեւս չի հայտնաբերվել վթարի պատճառ դարձած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում նկատմամբ հայտարարված է հետախուզում: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



