Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ստորին ծնոտի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Գրիգորյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, ԼՂՀ ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին, ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։



