Ինչ քանակի ալկոհոլն է անվտանգ առողջության համար
БЛОГԱլկոհոլի չարաշահումը կարող է չափազանց բացասաբար անդրադառնալ առողջական վիճակի վրա: Բայց դրա ինչպիսի քանակը կարելի է անվտանգ համարել: Եվ, ընդհանրապես, կա՞ այդպիսի քանակ: Փորձենք պարզել:
Հասկանալու համար, թե որքան ալկոհոլ է խմել մարդը, օգտագործում են միավորների հատուկ հասկացություն՝ ալկոհոլի ստանդարտ չափաքանակներ, բայց դրանց արժեքները տարբեր երկրներում տարբեր են: Մեծ Բրիտանիայում, օրինակ, միավոր է համարվում 8 գրամ մաքուր էթիլային սպիրտը, Կանադայում՝ 13,6, ԱՄՆ-ում՝ 14, Ճապոնիայում՝ մոտ 20: Շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, միավորը 10 գրամ մաքուր սպիրտն է:
• 500 մլ գարեջրի շիշը (4,8% ալկոհոլ) պարունակում է 1,9 չափաբաժին,
• 100 գրամ գինին (11%)՝ 0,9 չափաբաժին,
• 40 մլ թունդ (33%) ալկոհոլը՝ 1 չափաբաժին։
Medportal.ru-ն հայտնում է, որ Ռուսաստանի առողջապահության նախարարության Կանխարգելիչ բժշկության կենտրոնը 2015 թ. տղամարդկանց խորհուրդ է տվել շաբաթական խմել ոչ ավելի, քան 4,5 լիտր գարեջուր կամ 0,75 լիտր գինի կամ 2 բաժակ օղի: Կանանց առողջության համար, ըստ նույն մասնագետների, նվազագույն վտանգ է պարունակում շաբաթական 200 մլ չոր գինին կամ 150 մլ շամպայնը կամ 1 բաժակ օղին:
Եթե այս տվյալները վերածենք ստանդարտ չափաբաժինների, ապա ստացվում է, որ տղամարդը «կարող է» օրական խմել միջինը 3 չափաբաժին կամ շաբաթական 21 չափաբաժին, իսկ կինը՝ համապատասխանաբար՝ 2 եւ 14:
Սակայն, ըստ էության, աշխարհում ալկոհոլի «նվազագույն անվտանգ» չափաբաժինների վերաբերյալ միջազգային կոնսենսուս չկա: Տարբեր կազմակերպությունների առաջարկությունները կարող են էականորեն տարբերվել:
Շատ փորձագետներ պնդում են, որ ալկոհոլի անվտանգ քանակ պարզապես գոյություն չունի՝ նույնիսկ դրա փոքր քանակությունը կարող է վնասել առողջությանը: Այդ մասին են վկայում ավելի ու ավելի շատ հետազոտություններ: Օրինակ, The Lancet-ի կողմից 2018-ին հրապարակված վերլուծությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ալկոհոլը «համեմատաբար անվտանգ» համարվող քանակով են օգտագործում, վաղաժամ մահվան ավելի մեծ վտանգի տակ են, քան նրանց չխմող հասակակիցները: Փոքր չափաբաժիններով ալկոհոլի պաշտպանիչ ազդեցության հայեցակարգն արագորեն կորցնում է իր կողմնակիցներին: 2019 թ․ խոշորագույն հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ չափավոր խմողները կաթվածի ավելի բարձր ռիսկի են ենթարկվում՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր ընդհանրապես չեն խմում:




















































