Սահմանին զոհված 21-ամյա զինծառայողը Եղեգնաձորից էր
ОБЩЕСТВОԼՂՀ Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Վարդան Վարդանյանը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից է: Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտնեցին Եղեգնաձորի տարածքային զինվորական կոմիսարիատից:
«Մեր աչքի առաջ է մեծացել: Լուրը լսելուց հետո բոլորս շոկի մեջ ենք, չինք հաավտում, որ մեր Վարդանն է, բայց քիչ հետո ամեն ինչ պարզ դարձավ: Ոչինչ չենք կարող ասել: Միայն ու միայն լավը, լավ երիտասարդ էր, կրթված»,-Past.am-ի հետ զրույցում նշեցին Եղեգնաձոր քաղաքի բնակիչները:
«Ո՞վ կպատկերացներ, որ նման բան կարող էր պատահեր, ոչ մեկ: Մենք բոլորս ցավ ենք ապրում, քանի որ կորցրել ենք մեր ընկերոջը, մեր լավ եղբորը»,-Past.am-ի հետ զրույցում նշեցին Վարդանի ընկերները:
Ավելի վաղ Past.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Ի դեպ, ինչպես մեզ փոխանցեցի մարզային հասարակական կազմակերպություններ ներկայացուցիչները, Վայոց Ձորի մարզի մի շարք քաղաքներում կկազմակերպվի մոմավառություն:
Նարեկ Միրզոյան / Past.am



