Այս պայմաններում նման երթ անցկացնելը ոչ թե սադրանք է, այլ թշնամական գործողություններ ՀՀ-ի նկատմամբ. Ռուբեն Մելիքյան
ОБЩЕСТВОՕրեր շարունակ զոհվածների ծնողները ուղիղ հայտարարում էին, որ ոտքը չպետք է Եռաբլուրում լինի այն մարդու, որը պատճառն է հանդիսացել այդ ծանրագույն կորուստների։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով, ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում ունեցանք այնքան զոհ, որքան ամբողջ առաջին արցախյան պատերազմի 3-4 տարիների ընթացքում. «Զրո խնամք է դրսեւորվել մեր զինվորի կյանքի նկատմամբ, եւ այս պայմաններում իրականացնել այս երթ կոչված միջոցառումը ոչ թե սադրանք է, այլ թշնամական գործողություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,-ասաց Մելիքյանը:
Նա հայտարարեց, որ բախումների պատճառը անձամբ Նիկոլ Փաշինյանն է եւ իր գլխավորած խմբակը. «Անհանգստություն իհարկե ունեմ եւ այդ պատճառով էլ այստեղ եմ, որպեսզի փորձեմ ինչքան, որ հնարավոր է, նպատ ունենալ, որպեսզի չլինեն ծանր դեպքեր։ Օրեր շարունակ զոհերի հարազատներն ու ծնողները զգուշացնում էին՝ ոտքդ մի դիր Եռաբլուր, բայց այդ մարդը ոչ միայն որոշեց գալ Եռաբլուր, այլեւ Հայաստանի պատմության մեջ երեւի ավելի մեծ ճնշումներ չեն եղել պետական ծառայողների, աղանդավորական խմբերի, տարբեր օլիգարխների պատկանող կառույցների նկատմամբ, որպեսզի կարողանան ինչ-որ մարդկանց քանակ ցույց տալ։ Սա հերթական հանցագործությունն է Հայաստանի Հանրապետության դեմ անձամբ ՀՀ վարչապետի պաշտոնը դեռ զբաղեցնող անձի կողմից»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
«Մենք երեկ տեսնում էինք այրվող տներ Կապան քաղաքի հարեւանությամբ, դա կարո՞ղ է մեր աչքին էր երեւում։ Ո՞վ է ասում, թե Կապանի վարչական տարածքը որն է, ովքե՞ր են հայտարարում։ Դա հայտարարում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը եւ Ադրբեջանի շահերը սպասարկող ՀՀ վարչապետը։ GPS եղե՞լ է խորհրդային տարիներին, որ GPS-ով սահման են որոշում, սա ի՞նչ բան է։ Մարդիկ ինչո՞ւ պետք է իրենց տները վառեն, սա խայտառակության գագաթնակետն է։ Մենք իրավունք չունենք թույլ տալ, եթե ցանկանում ենք ունենալ ապագա եւ հեռանկար, արժանապատվությունը պետք է հաղթի ստորաքարշությանը եւ ամենավատ բաներին, որը իրենում մարմնավորում է այդ անձը եւ իր շուրջը հավաքված խմբակը։ Մարդիկ աթոռի համար պատրաստ են ամեն ինչի՝ առանց բացառության։ Բայց բարեբախտաբար դուք տեսնում եք հազարավոր արժանապատիվ քաղաքացիներին, որոնք հավաքված են այստեղ։ Դա չի հաջողվելու»:
Նա ընդգծեց, որ ինքն էլ որպես քաղաքացի կարծում է Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ոտք դնել. «Բայց իմ հիմնական խնդիրը՝ արպես իրավապաշտպանն, ես տեսնում եմ այն, որ բախումների հավանականությունը հնարավորինս քչացվի, որովհետեւ քայլող սադրանք է գալիս դեպի Եռաբլուր, Եռաբլուրը եռապատկած անձը գալիս է Եռաբլուր»:
Նա բառախաղ անվանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը. «Դա պարզապես բառախաղ է, թիվ մեկ մեղավորն էլ է, թիվ երկուսն էլ, թիվ երեքն էլ։ Մենք տեսանք բազմաթիվ հրապարակումներ, թե ինչպիսի խայտառակ վարքագիծ է դրսեւորվել, մեր բանակը պարզապես գիտակցաբար տարվել է պարտության, մենք 21-րդ դարում 20-րդ դարի բանակից անցում կատարեցինք 19-րդ դարի ֆիդայական շարժման՝ ջոկատներ կազմեք, եկեք բայրաքթարների դեմ, սա ի՞նչ բան է»:



