Հունական աղցան. ի՞նչ գաղտնիքներ ունի դրա ծագումը .«Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Հունական աղցան ներկայումս կարելի է հանդիպել ոչ միայն հյուրընկալ հույների սեղանին, այլ անգամ ամբողջ աշխարհի սուպերմարկետներում, սրճարաններում, առաջնակարգ ռեստորաններում և ամենուր։ Իսկ որտեղի՞ց և ե՞րբ է այն առաջացել։ Իրականում այդ «ազգային» աղցանի պատմությունը միանգամայն պարզ ու առանց գաղտնիքների է։ Բուն Հունաստանում այդ աղցանը անվանում են «հորիատիկի», որը թարգմանաբար նշանակում է «գյուղական աղցան»։ Եվ դա միանգամայն բացատրելի է, քանի որ այդ աղցանի բաղադրամասերն են թարմ բանջարեղենը, ֆետա պանիրը, սերուցքը և ձիթապտղի յուղը… Այսինքն, այն ամենը, ինչը միշտ էլ բավարար քանակի եղել է հույն գյուղացու մառանում։
Վարկածներից մեկի համաձայն, հունական աղցանի բաղադրատոմսը կազմվել է հին ժամանակներում՝ դեռ հելլենիզմի դարաշրջանում: Այն պարզապես ներառել է այն ամենը, ինչը արևոտ Հունաստանը առատորեն արտադրել է: Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ համեմատաբար վերջերս հույների սեղանին հայտնված լոլիկը, որը դասական հունական աղցանի հիմնական բաղադրիչներից մեկն է համարվում: Հայտնի է, որ լոլիկը Եվրոպա է բերվել իսպանացի նվաճողների կողմից 16րդ դարում, իսկ Հունաստանում այն հայտնվել է միայն 19-րդ դարում կարտոֆիլի հետ միասին: Դրանք բերել են թափառական կաթոլիկ վանականները, որոնք լոլիկը օգտագործել են որպես դեկորատիվ բույս վանական տարածքը զարդարելու համար, քանի որ այն ժամանակ լոլիկի կարմիր պտուղները համարել են թունավոր:
Եվ միայն 1825 թվականից սկսած գրեթե ամբողջ Հունաստանում լոլիկն սկսել են ակտիվորեն մշակել ուտելու համար: Ավելին, սկզբում հույները լոլիկը կերել են որպես էկզոտիկ միրգ։ Այստեղ հայտնվում է հունական աղցանի ծագման երկրորդ վարկածը, ըստ որի, 1909 թվականին մի հույն էմիգրանտ, որը երկար ժամանակ աշխատել էր Ամերիկայում, եկել է հայրենի գյուղ մասնակցելու քրոջ տղայի հարսանիքին: Օտար երկրում նա շատ է կարոտել իր մանկության սիրած կերակուրները՝ հունական ձիթապտուղ, ձիթապտղի յուղ, գյուղական պանիր և թարմ բանջարեղեն: Բայց բախտը չի բերել՝ ատամնացավ է ունեցել:
Ցավը ոչ մի կերպ չի թուլացել, և որպեսզի համտեսի իր սիրած կերակուրը, նա գտել է ելքը՝ ինչպես պատահի մանրացրել է բանջարեղենը, լցրել կավե ամանի մեջ, վրան ֆետա պանիր ավելացրել: Նրա քույրը նույնպես համտեսել է ստացված ուտեստը, և դա նրան այնքան է դուր եկել, որ հաջորդ օրը որդու հարսանիքի ժամանակ հյուրերին հյուրասիրել է այդ նոր ուտեստով: Աղցանը գնահատվել է: Այդ ժամանակից ի վեր գեղջկական աղցանը դարձել է հունական խոհանոցի սիրված և անփոխարինելի աղցանը: Այնուամենայնիվ, շատերը կարծում են, որ այդ «գյուղական աղցանը» ի հայտ է եկել միայն անցյալ դարի 60-70-ական թվականներին Հունաստան զբոսաշրջիկների հոսքի պատճառով: Եվ դա ոչ այլ ինչ է, քան Աթենքի պատմական շրջանում գտնվող Պլակա ափում գտնվող պանդոկատերերի գյուտը, որոնք իրենց հյուրերի համար արագ և հմտորեն պատրաստել են թարմացնող աղցան հունական ավանդական սննդատեսակներից՝ համեմված հոյակապ ձիթապտղի յուղով:
Սակայն, ինչ էլ լինի, այսօր այդ գեղեցիկ երկրում երևի թե չկա մեկ պանդոկ, որտեղ չմատուցեն հունական աղցան։ Եվ ոչ միայն այդ երկրում: Իսկ որո՞նք են հունական աղցանի հիմնական բաղադրիչները։ Բացի լոլիկից, որը արդեն նշվել է, այդ աղցանը պարունակում է վարունգ, ճակնդեղ, ֆետա պանիր, սերուցք, ձիթապտուղ, իսկ վերջում այն համեմում են ձիթապտղի յուղով, աղով, սև պղպեղով և օրեգանոյով:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































