Ռուս խաղաղապահները Խծաբերդում են, հրամանի են սպասում՝ գնան, թե չգնան. համայնքապետը՝ գյուղը հանձնելու տեղեկությունների մասին
ОБЩЕСТВОԽծաբերդը հանձնելու մասին ես հիմա հստակ չեմ կարող ոչինչ ասել, բայց, իմ տեղեկություններով, ռուս խաղաղապահները հիմա այնտեղ են, հրամանի են սպասում՝ գնան, թե չգնան: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանից:
«Վերջին օրերի մարտերն անսպասելի էին, ադրբեջանական կողմն էր հարձակվել, բայց այդ գյուղերը պետք է մնային հայկական կողմում, մինչդեռ հակառակորդ կողմն ասում է՝ գծված քարտեզով չի երևում, որ այդ գյուղերը պետք է հայկական կողմում մնան, այսպես են ասում, բայց ստույգ չգիտեմ»,-ասաց նա:
Համայնքապետը նշեց, որ գյուղի բնակիչները տարբեր տեղերում են՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, իսկ գյուղը 121 բնակիչ ունի: «Դե, եթե Հին Թաղերը հանձնվում է, Խծաբերդը պահելու իմաստ չկա, միակ գյուղն է լինում շրջանում»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:



