Հայ կինը մահացել է ծննդատանը, մինչ բժիշկները գլխավոր բժշկի ծնունդն էին նշում (տեսանյութ)
ОБЩЕСТВО24-ամյա Յանային հարազատները Կրասնոդորի շրջանի Տուապսկի հիվանդանոց են տարել, քանի որ հղի էր եւ որովայնի հատվածում սուր ցավեր է զգացել,-տեղեկացնում է Past.am-ը։ Ինչպես պատմել են կնոջ հարազատները, բժիշկները չեն շտապել կնոջն առաջին օգնություն ցույց տալ: Յանան հեռախոսով բողոքել է մորը, որ իրեն ցավազրկող են ներարկել ու գնացել են ծննդյան տոն նշելու։
«Յանային վաղ առավոտյան հիվանդանոց տարան, ասացին, որ այդ օրն էլ պետք է ծննդաբերի։ Նա լավ տրամադրություն ուներ, չէր անհանգստանում։ Հետո հեռախոսով ինձ ասում էր, որ ցավեր ունի ու չի կարողանում շնչել»,- պատմել է Յանայի մայրը՝ Մանուշակ Մելքոնյանը։
Երբ Յանան բողոքել է բժիշկներին, մոր ասելով, նրանք կոպտել են՝ ասելով՝ ոչ առաջինն ես, ոչ վերջինը, դիմացիր։ «Իմ աղջիկը մնացել է մեն-մենակ։ Եվ երբ նա վատացել է, մահացել է, միայնակ է եղել, ոչ ոք կողքին չի եղել, բժիշկները ծնունդ էին նշում»,- ասել է Մանուշակ Մելքոնյանը։
Ինչպես պարզվել է, Յանան, երբ վատ է զգացել, փորձել է զանգահարել իր բժշկին՝ Լարիսա Առաքելովային, սակայն նա չի պատասխանել զանգերին։
«Յանան գրել էր, որ վատ է, մահանում է, դրանից հետո կապն ընդհատվել է։ Մենք վազեցինք հիվանդանոց, իսկ այնտեղ ասացին, որ նա մահացել է։ Նրան թաղեցինք փոքրիկ դստեր հետ, ում արդեն անուն էինք ընտրել՝ Էմիլյա»,- ասել է կինը։
Յանայի ամուսինը՝ Վլադիմիր Պլակսիյը, ասել է, որ կինը որեւէ խնդիր չի ունեցել մինչ հիվանդանոց գնալը։ «Երբ Յանան դադարեց զանգերիս պատասխանել, ես հիվանդանոց գնացի։ Բժիշկն ինձ իր մոտ կանչեց ու ասաց, որ մահացել է։ Էլ ոչինչ չեմ հիշում, գիտակցությունս կորցրել եմ»,- LifeNews-ին ասել է տղամարդը։
Հիվանդանոցի աշխատակազմը, սակայն, հերքում է իր մեղքն ու ասում, որ գլխավոր բժշկի ծննդյան տոնը ոչ մի կերպ չէր կարող ազդել կնոջ մահվան կամ նրան անուշադրության մատնելու վրա։



