Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի նոր ծովային ծանուցումը խախտում է միջազգային իրավունքը
МЕЖДУНАРОДНОЕՆոյեմբերի 1-ից 14-ը հունական Հռոդոս և Կաստելորիզո կղզիների մոտակայքում սեյսմիկ հետազոտություններ անցկացնող Oruc Reis հետախուզական նավի վերաբերյալ Navtex-ի նոր անօրինական ծովային նախազգուշացմամբ Թուրքիայի իշխանություններն անտեսում են միջազգային իրավունքի նորմերը: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ցավոք, Թուրքիան, անօրինական սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու համար նոյեմբերի 1-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում նոր անօրինական Navtex-ը թողարկելով, ևս մեկ անգամ հաստատում է, որ շարունակում է անտեսել միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Այս գործողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Թուրքիան շարունակում է գործել ի հեճուկս միջազգային հանրության կոչերի, այդ թվում՝ անցյալ տարվա հոկտեմբերին Եվրոպական խորհրդի եզրակացությունների, որը Թուրքիային կոչ է արել դադարեցնել իր գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է ԱԳՆ-ն, Հունաստանը վերստին դատապարտում է այդ իրավախախտումները, որոնք չեզոքացնում են կառուցողական երկխոսության հեռանկարը։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը համարվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին:
Դեպքերի նման զարգացման ֆոնին Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա։



