Գազանն այլեւս բաց է թողնված աշխարհի վրա
ОБЩЕСТВОԲայց սա նրա վերջի սկիզբն է
Եվ այսօր այլեւս լակմուսի թուղթ է դարձել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը կամ դրա բացակայությունը: Ո՞վ է քաղաքակիրթ, եւ ու՞մ ճամփան է դեռ հեռու մինչեւ մարդը: Ու՞մ երեսին մեռոն կա, եւ ո՞վ է մեռնելով կորչելու անհետ:
Կան պետություններ, կան՝ որ տերություններ են կոչվում, եւ կան՝ որ իրենց գերադրական աստիճանով են տերություն զգում: Սակայն անունը կա… մեռոնը չկա:
Մենք, իհարկե, մեզանով էլ կհաղթենք. թեպետ գազանն իր սեւ հրեշտակներով է հարձակվել՝ է՛լ Ադրբեջան, է՛լ վարձկան, էլ ԱԹՍ, «Ֆ-16», հատուկ ջոկատ, հոլոքոստվածներ…
Մենք, իհարկե, բռունցքներս սեղմում ենք, արցունքներս կուլ ենք տալիս, հոգիներս փառավորում:
Թուրքիան երդվել է Ադրբեջանը պաշտպանել մինչեւ վերջին ադրբեջանցին: Սա կարելի կլիներ ընդունել որպես կատակ, եթե այդքան իրական չլիներ: Երբ մարդը կոտրում է ողնաշարը, սկզբում չի զգում, դեռ տաք է լինում: Նույն վիճակին այսօր Էրդողանն է իր երկիրը գցել: Արտաքին պարտքերի տակ կքած, ինֆլյացիայի տակ ճկված, օր-օրի արժեզրկվող լիրայով ելել է շալակն աշխարհի: Կռվել է Սիրիայի հետ, կռվել է Լիբիայի հետ, կռվել է Եգիպտոսի հետ, կռվել է Հունաստանի հետ, Կիպրոսի հետ, կռվում է Հայաստանի հետ, կռվում է Արցախի հետ, հայհոյում է Ֆրանսիան ու ֆրանսիացուն, սպանում է Ռուսաստանի դեսպանին ու կրակում կատապուլտ արած օդաչուիդ վրա, ԱՄՆ-ին ասում է` դու դեռ չգիտես ում հետ գործ ունես, Գերմանիային հաթաթա է տալիս, թե՝ քո օրենքները մուսուլմանների համար չեն, քիթը խոթել է Լիբանան, տեռորիստացրել է Իրանի սահմանները…
Գերմանիայի թուրքերը գերմանահպատակ չեն, թուրքահպատակ են, Ֆրանսիայի թուրքերը ֆրանսահպատակ չեն, թուրքահպատակ են… նրանք ենթարկվում են Անկարային: Դրա համար էլ Էրդողանը սպառնում է Մակրոնին, թե` հաջորդ ընտրություններին դու չես ընտրվի, իմ մի նամազով քո թուրքախոս ընտրազանգվածը կընտրի` ում ե՛ս կասեմ: Նույն վիճակն է Գերմանիայում եւ Իսպանիայում… Որքա՞ն կարելի է գազանին հանդուրժել շանտաժի համար:
Մեռոն չունեք, բա արժանապատվությո՞ւն էլ չունեք:
Ե՞րբ պետք է հասկանաք, որ դո՛ւք չեք իրենից կախված, ի՛նքն է ձեզանից կախված: Ինքն ընդամենը մեծ բլեֆով շանտաժիստ է:
Եվ մի վերջին դիտարկում. մենք տասը միլիոնանոց ոսոխին, իր կարմրադրոշ հայրիկ- խորհրդականներով ու «Բայրաքթարներով», մերձավորարեւելյան անօդաչուներ մատակարարող հորեղբայրներով արդեն իսկ հաղթել ենք: Եթե Անկարայից արդեն խոսում են բանակային օգնության մասին, ուրեմն 150 հազարանոց Արցախն արդեն հաղթել է 10 միլիոնանոց թշնամուն, մնաց 80 միլիոնին հաղթենք:
Երեք միլիոնով:
Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ



