Թուրքիան արձագանքել է Ասադի՝ Էրդողանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հայտարարություններն առ այն, որ Անկարան Սիրիայից կամ այլ երկրներից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում ահաբեկիչների, պայմանավորված են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ անձնական հակակրանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը:
«Ասադն անձնական հակակրանք ունի Էրդողանի նկատմամբ։ Ցանկանալով նրան վնաս հասցնել՝ նա վնասում է ամբողջ Թուրքիային։ Ասադի հայտարարությունները ոչ մի արժեք չունեն և քարոզչության գործիք են»,-ասել է նա։
Նա հավելել է, որ Թուրքիան Ադրբեջանում և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ունի իր իրավունքներն ու շահերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, և Դամասկոսը կարող է դա հաստատել:
«Մենք միանգամայն կարող ենք հաստատել դա, բայց ոչ այն պատճառով, որ ապացույցներ ունենք։ Երբեմն ապացույցներ չկան, բայց կան դրա ցուցումները»,- ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Սիրիայում կռվող խմբավորումներից ահաբեկիչները տեղափոխում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի։
Սիրիայի ղեկավարը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր սրացման գլխավոր նախաձեռնողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
«Լիբիայում նա ահաբեկիչներին է աջակցում, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էլ հենց նա է եղել»,- հայտարարել է Ասադը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։



