Այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները բնական երեւույթ են. Հովհաննիսյան
ОБЩЕСТВОՄեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, կասեցնում են հակառակորդի դժվար ու կրակային մեծ խտություն ունեցող հարձակումները։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտական գործողություններ չեն մղվում, բայց մենք հետեւում ենք, վերահսկում ենք հակառակորդի գործողությունները։ Մեր ԶՈՒ-երն այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են բարձր մակարդակով։ Խուճապի մատնվել պետք չէ, ամեն չնչին փորձ արագ կասեցվում է»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով` ծանր ու համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, հետեւաբար առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ։
«Այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները բնական երեւույթ են, մեկ ժամ հետո կվերցնենք էս մի դիրքը, մի ժամ հետո կարող ենք թողնել, եւ այլն»,- ընդգծեց նա։
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքակիրթ աշխարհի արձագանքները Ադրբեջանի վայրագություններին, արգելված զինատեսակների կիրառմանը, բավականին տեղին են, դրանով զբաղվում են մեր համապատասխան մարմինները. «Բայց պետք է շեշտել, որ երեկ ու այսօր Ստեփանակերտն ու Արցախի այլ քաղաքներ մի քանի անգամ ենթարկվել են կասետային արկերով հրետակոծությունների»:
Անդրադառնալով հայկական կողմի զոհերի մասին տեղեկություն հաղորդելուն` նա նշեց, որ հայտնում են միայն հստակեցումից հետո՝ առանց որեւէ վայրկյան սպասելու։



