Թե ինչպես ձուլման ժամանակ գետնին ընկած ապակու «կաթիլից» առաջացավ ակնոցի գաղափարը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ակնոցը նախատեսված է տեսողության օպտիկական թերությունները շտկելու (օպտիկական ակնոց), ինչպես նաև աչքերի պաշտպանության համար (արևային ակնոց, բանվորական ակնոց)։ Այն բաղկացած է ապակուց և շրջանակից, որն ապահովում է ապակու ճիշտ դիրքն աչքի նկատմամբ և աղեղնակի կամ այլ հարմարանքի միջոցով ակնոցը պահում է անհրաժեշտ դիրքում։ Ակնոցները օգնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնել պարզ տեսնելու և իրենց հասարակության լիարժեք անդամներ զգալու ուրախությունը: Մարդը ակնոցով բարելավում է իր տեսողությունը և ապրում ավելի ակտիվ կյանքով: Ակնոցի պատմությունում արժե նշել միաժամանակ մի քանի վայրերում դրանց հայտնվելու փաստը:
Սկզբում ակնոցներ հայտնվել են Եվրոպայում, և միայն ավելի ուշ լայն տարածում ստացել Արևելքում: Ի՞նչ է հայտնի ակնոցի առաջացման պատմության մասին: Առաջին անգամ, երբ ուշադրություն են դարձրել առարկաները մեծացնելու ապակիների հատկությունների վրա, եղել է ապակու ձուլման ժամանակ: Իսկ դա տեղի է ունեցել 1280 թվականին: Ինչ-որ մեկը նկատել է սառած ապակու կաթիլ, վերցրել է ձեռքը և սկսել զննել: Այս կաթիլն էլ մտածել է տվել ապակի արտադրողին, որ ուռուցիկ ապակու օգնությամբ, որը մեծացնում է առարկաները, կարելի է բարելավել ծերունական տեսողությունը: Այս ամենն արձանագրվել է փաստաթղթային ձևով: «Թրեվիզո» եկեղեցու 1352 թվականին ստեղծված որմնանկարի վրա պատկերված ակնոցը համարվում է ակնոցի ամենահին պատկերներից մեկը։ Ապակու կաթիլների սուր ծայրերը անվնաս դարձնելու համար սկսել են այն սկզբից փայտյա, իսկ հետո ոսկրյա շրջանակների մեջ դնել:
Ստացվածը քորոցով ամրացվել է բռնակին, և այդ առաջին ակնոցները ավելի շատ նման են եղել մկրատների: Ակնոցի այս ձևը չնայած անհարմար է եղել, բայց դրա շնորհիվ հնարավոր է եղել ոսպնյակը պահել քթի վրա: Իհարկե, ակնոցների պատմությունն այսքանով չի ավարտվել: 1268-1282 թվականներին հայտնագործել են ակնոցների այնպիսի ուռուցիկ ոսպնյակներ, որոնցով հնարավոր է շտկել հեռատեսությունը: Համարվում է, որ դրանք առաջին անգամ պատրաստվել են Իտալիայում, իսկ հայտնագործողը եղել է Սիլվինո դը Ամարտե Պիզան: Նույն ժամանակահատվածում առաջին ակնոցներն են ստեղծվել նաև Չինաստանում: Դրանց առաջին մոդելները շրջանակներ չեն ունեցել և պարզապես «նստեցվել» են քթի կամրջակի վրա: Միայն 15-րդ դարում են հորինվել կարճատեսությունը շտկող ոսպնյակներով ակնոցներ: Մի փոքր ավելի ուշ՝ 16-րդ դարում, ակնոցի շրջանակին սկսել են թելեր կամ շղթաներ ամրացնել, որոնք ամրանալով ականջներին՝ ֆիքսել են ակնոցները:
Ջեյմս Այսկոկը 1752 թվականին հորինել է ակնոցներ, որոնք ականջին նստում են պինդ աղեղակների օգնությամբ: Նա նաև առաջինն է, որ հորինել է արևապաշտպան ակնոցներ կանաչ կամ դեղին գունավորված ոսպնյակներով: Բենջամին Ֆրանկլինի կողմից էլ 1775 թվականին հորինվել են երկֆոկուսային ակնոցները, որոնցում համատեղվում են ուռուցիկ և գոգավոր ոսպնյակները, և որոնք նախատեսված են ինչպես հեռատես, այնպես էլ կարճատես մարդկանց համար:




















































