Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում BMW-ի, Mercedes-ի և պաշտպանության նախարարության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից. 4 վիրավորներից 3-ը պայմանագրային զինծառայողներ են
ОБЩЕСТВОSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության Արարատի Ռազմական ոստիկանության բաժնում պարզվել է սեպտեմբերի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ BMW-ն վարել է Գորիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արա Կարապետյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ ГАЗ 3308-ը, որը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 35-ամյա Հայկ Հայրապետյանը:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Հ. Հայրապետյանը, վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, 31-ամյա Ռուբեն Վիրաբյանը և BMW-ի ուղևոր, Գորիսի բնակիչ, 31-ամյա Անուշ Կարապետյանը: Որոշ ժամանակ անց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ է դիմել Արարատի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, 26-ամյա Վահե Մայիլյանը, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի ժամանակ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ վթարի ժամանակ ճանապարհի բաժանարար արգելապատնեշը կոտրվել է և դիպել Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Վաղինակ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային՝ վնասելով այն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել էր բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ։



