Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը մահացել է
ОБЩЕСТВОArmDaily.am-ի տեղեկություններով` Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը երեկ մահացել է։ Կինը նախ Երևան էր տեղափոխվել թունավորմամբ ու արգանդային սուր արյունահոսությամբ: «Միքայելյան» հիվանդանոցում նրա վիճակը կայունացրել էին, ապա տեղափոխել «Իջևանի» ԲԿ, իսկ այնտեղից էլ տեղափոխել էին «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»։ Կնոջը հոգեբուժարանից տեղափոխել են «Սևանի» ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Սևանի» ԲԿ-ի տնօրեն Գայանե Էլիզբարյանը հայտնեց, որ երեկ մահվան դեպք է գրանցվել. «Երեկ «Սևանի» ԲԿ-ում կնոջ մահվան դեպք է գրանցվել, կինը տեղափոխվել էր հիվանդանոց «Սևանի» հոգեբուժարանից»։
Հարցին՝ ո՞րն է եղել մահվան պատճառը, արդյոք ճի՞շտ է մեր այն տեղեկությունը, որ կնոջ մահվան պատճառը դեղորայքը կամ դրանց բացակայությունն է եղել՝ Էլիզբարյանը պատասխանեց. «Նախաքննությունը կպարզի մահվան պատճառը, ես մահվան պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց մահը դեղերից չի եղել»։
Նա նաև նշեց, որ կինը մի շարք խնդիրներ է ունեցել՝ չմանրամասներով, թե խոսքն ինչի մասին է։
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրեն Դավիթ Կարապետյանից, ով նշեց, որ հոգեբուժարանում մահվան որևէ դեպք չի գրանցվել, սակայն այլ հարցերի հրաժարվեց պատասխանել, նշելով, որ դիմենք Առողջապահության նախարարություն։



