«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին
ОБЩЕСТВОՄոլորված ու ադրբեջանական կողմում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքում անելանելի իրավիճակներ չեն եղել։ Ընտանիքը հույս ունի` այս անգամ ևս ելք կգտնվի։ Sputnik Արմենիան այցելել է սպայի կնոջն ու երեխաներին, զրուցել նրանց հետ։
Քարաշեն գյուղական տուն` մյուսներից ոչնչով չտարբերվող, որի բակում երեխաներ են խաղում։ Սև, խոշոր աչուկներով մի աղջնակի հարցնում եմ` Աննայենց տունը սա՞ է։
Գյուղում քաղաքից եկողներին միանգամից են ճանաչում` լինի մեծ, թե մանուկ։ Աղջիկը հասկանում է` հյուր ենք, խաղը թողնում է, լրջանում և պատասխանում` այո, ճիշտ եք եկել, միայն թե մայրը տանը չէ։
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ենք` մոլորված ու Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի կնոջ հայրական տանը։ Կինը` Աննան, տանը չէ. ամուսնու վերնաշապիկն իր հետ վերցրել, մատուռ է գնացել` աղոթքի։ Սակայն կարճ ժամանակ անց Աննան գալիս է. լուր էին տվել, որ լրագրող է այցելել։
Տանը մեզ սիրով են ընդունում, բայց այ խոսելը դժվարությամբ է ստացվում (ինքս էլ չգիտեմ` ինչից սկսեմ)։ Աննան լարված է, մատներն է իրար սեղմում, շրթունքները կրծոտում, արցունքներն արագ սրբում։ Բացի մեզնից, տանը նաև 3-4 կանայք էլ կան` Աննայի մայրն է, քույրը, բարեկամուհին։ Նրանք մեզնից մի փոքր հեռու են նստում ու երբեմն–երբեմն գլուխները հետ շրջում. փորձում են Աննայից թաքցնել, որ լալիս են։
Իրավիճակը փրկում են տան երեխաները` 6-ամյա Վիկան և 2-ամյա Միկան, որոնք իրար հետևից ներս են մտնում և ուշադիր ինձ զննում։



