Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Բալին կփակեն մինչեւ տարեվերջ
ОБЩЕСТВОԿորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ֆոնին ինդոնեզական հանգստավայրային Բալի կղզին օտարերկրյա զբոսաշրջիկների համար փակ կմնա մինչեւ 2020 թվականի վերջը, հայտնում է Jakarta Post-ը։
Ավելի վաղ կարծիք կար, որ կղզին օտարերկրյա տուրիզմի համար կբացվի սեպտեմբերի 11-ից։
«Ինդոնեզիայի կառավարությունը նախկինի պես բնակչությանն արգելում է ճանապահորդել արտասահմանում, համենայնդեպս, մինչեւ 2020 թվականի վերջը։ Ըստ այս քաղաքականության՝ մենք նաեւ չենք կարող մինչեւ 2020 թվականի վերջը դարպասները բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, քանի որ Ինդոնեզիայում, ներառյալ Բալիում իրավիճակը դեռեւս բավարար անվտանգ չէ»,- ասել է Բալիի նահանգապետ Վայան Կոստերը։
«Մենք պետք է զգույշ լինենք, մենք չենք կարող շտապել։ Բալի կղզին զբոսաշրջությունը վերականգնելու փորձում չպետք է անհաջողություն կրի, քանի որ դա վատ կանդրադառնա Ինդոնեզիայի իմիջի վրա»,- հավելել է նա։ Տեղական իշխանությունները ներկայումս նախատեսում են հիմնական ուշադրությունը հատկացնել տեղացի զբոսաշրջիկներին ներգրավելու վրա։
Պարբերականը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Բալի կղզին տնտեսական առումով լրջորեն տուժել է։ Զբոսաշրջային հատվածում զբաղված նվազագույնը 2667 մարդ աշխատանքից զրկվել է, եւս ավելի քան 73 հազարը ստիպված էր չվճարվող արձակուրդ գնալ։
Վերջին տվյալներով՝ համավարակի սկզբից Ինդոնեզիայում գրանցվել է COVID-19-ով վարակման 155 հազար դեպք, մահացել է 6759 մարդ։



