Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու նպատակով ՀՀ ԶՈւ-ն դիմելու է համարժեք գործողությունների
ОБЩЕСТВОՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծում և սահմանագոտում իրավիճակը կայունացնելու նպատակով դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.
«Ադրբեջանական կողմն անցած գիշեր և դեկտեմբերի 6-ի առավոտյան շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր:Կիրառվել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն, հրետակոծության հետևանքով ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Վարազդատ Իշխանի Խաչատրյանը: Հատկանշական է, որ ի հակառակ հայկական կողմի, ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների և ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը համապետական նշանակության ժողովրդավարական միջոցառումների անցկացման ժամանակահատվածում, ինչպես նաև միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախա շեմին:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծում: Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել և սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ու ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:



