Ինչպե՞ս են ձուկն օգտագործել որպես... մոմ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԹե ով է առաջինը մոմը հորինել, ոչինչ հայտնի չէ: Փաստեր կամ փաստաթղթեր չկան: Կան ընդամենը լեգենդներ, ենթադրություններ և գրառումներ: Միգուցե այս թեմայի շուրջ իրոք գոյություն ունի կախարդական առեղծված: Չնայած, ինչպես մյուս բոլոր երևույթները, մոմը ևս, բնականաբար, ունի առաջացման իր պատմությունը: Ժամանակակից մոմերը իրենց արտաքին տեսքով և բովանդակությամբ զգալիորեն տարբերվել են հնագույններից: Հին ժամանակներում մարդու կողմից ստեղծված մոմերը բավականին տարօրինակ ձևերով ու նյութերով են պատրաստվել:
Դրանք երբեմն ունեցել են երկարավուն խողովակների (օրինակ՝ եղեգնի) տեսք, որի ներսը խեժ է լցված: Ճապոնացիներն ու չինացիները բույսերի սերմերից ստացված նյութից են պատրաստել մոմեր՝ այն լցնելով թղթից պատրաստված գլանների մեջ և բույսերի մանրաթելերից պատրաստված հյուսվածքը տեղադրելով մոմի կենտրոնում:
Շատ տարիներ անց ՝ 18րդ դարում պատրույգ սկսել են պատրաստել բամբակի թելից՝ այն կախելով խեժով կամ ճարպով պատրաստված մոմի ներսում: Յուրաքանչյուր ժողովուրդ ունեցել է մոմի արտադրության իր տեխնոլոգիան:
Օրինակ ՝ բնիկ ամերիկացիները ստիպված են եղել որպես մոմ օգտագործել յուղոտ canglefish ձուկը, որն ուղղակի հագցրել են փայտի վրա և դարձրել ջահ: Հյուսիսային Ամերիկայի հարավարևմտյան շրջաններում որպես մոմ օգտագործվել է հեշտ այրվող ծառի կեղևը:
Նոր Անգլիայում ներգաղթյալները վառել են մոմային ծառը, որը շատ խեժ է պարունակում: Բայց այս բոլոր մեթոդները իրենց լիարժեք չեն արդարացրել:
Զարմանալի չէ, որ հենց կարիքն է դարձել մոմի գյուտի պատճառը: Աստիճանաբար մարդիկ ելքը գտել են, և մոմի պատմության մեջ սկսվել է նոր փուլ` մոմ ստանալու համար սկսել են օգտագործել կենդանական ճարպ:
Բացի դա, մոմի արտադրության համար օգտագործվել է նաև մեղրամոմը (բացառապես իր հաճելի բույրի պատճառով): Մեղրամոմերը այրվել են շատ ավելի պայծառ, քան ճարպից պատրաստվածները, բայց դրանք վառելը թանկ հաճույք է եղել:
Սպերմացետը մի նյութ է, որը հայտնվել է մի փոքր ավելի ուշ, բայց մեծ մրցակցության մեջ է մտել ճարպի և մեղրամոմի հետ: Այդ նյութը ստացել են կետերի գլխուղեղից: Սպերմացետե մոմերը այրվել են շատ ավելի պայծառ, քան նույն կետի ճարպից պատրաստված մոմերը, և լուսաչափության մեջ դրանց լույսն է ընդունվել որպես ստանդարտ: 20-րդ դարում դադարեցվել է սպերմացետե մոմերի արտադրությունը, քանի որ արգելվել է կետերի որսը:
15-րդ դարից ի վեր մոմի ստեղծման տեխնոլոգիան փոխվել է: Եթե նախկինում սառը մոմանյութից պետք էր ձևավորել մոմ, ապա այդ դարից սկսած սկսել են հալված մոմը լցնել կաղապարների մեջ և կաղապարից հանել չորանալուց հետո: 19-րդ դարից մոմեր սկսել են պատրաստել հատուկ մեքենաների վրա:
Այն բանից հետո, երբ մոմագործությունը մեխանիզացվել է, այն հասանելի է դարձել բոլորի համար իր էժանության պատճառով: Միևնույն ժամանակ, քիմիկոսները հայտնագործել են, որ կենդանական ճարպի կազմի մեջ կան այնպիսի բաղադրիչներ, ինչպես օլեինաթթուները և ստեարինաթթուները՝ համակցված գլիցերինի հետ: Եթե գլիցերինը հեռացվի, ապա ստացված նյութը ավելի պինդ է լինում, քան ճարպն է, ավելին, այն ավելի լավ է այրվում:
Այդ խառնուրդը անվանվել է «ստեարին»: Որոշ ժամանակ անց մարդիկ սովորել են նավթը թորելով ստանալ պարաֆին: Արդյունքում պարզվել է, որ ստացված նյութը իր հատկություններով չի զիջում մեղրամոմի և սպերմացետի պայծառությանը և շատ ավելի էժան է: Ներկայումս արտադրվող բոլոր մոմերում օգտագործվում է հենց պարաֆինը:




















































