Գիտե՞ք, թե իրականում ինչի համար է հարսի քողը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀարսանեկան քողի պատմական արմատները գալիս են հին հռոմեացիների ամուսնության արարողություններից: Հին Հռոմում հարսին արարողության ժամանակ ծածկել են ոտքից գլուխ: Այն ժամանակներում մարդիկ հավատում էին չար ոգիներին, որոնք, նախանձելով երիտասարդի երջանկությանը, կարող էին դժբախտություններ բերել հարսնացուին և փեսային: Դա կանխելու համար էլ հարսնացուն, ծածկելով դեմքը քողով, թաքնվում էր չար աչքերից: Բացի դա, ծնողները տղային թույլ չէին տալիս հարսնացուին տեսնել մինչև հարսանիքը, քանի որ հնարավոր էր, որ փեսան, չհամակրելով իր ապագա հարսնացուին, հրաժարվեր նրա հետ ամուսնանալու մտքից: Ուստի միայն հանդիսության ավարտից հետո էր փեսացուն բարձրացնում հարսի քողն ու առաջին անգամ տեսնում նրան:
Ներկայիս քողի տեսքը բավականին տարբերվում է ավելի վաղ օգտագործված քողերից: Հին քողերը եղել են մեծ և հաստ կտորից, որը եղել է անթափանց և ձգվել է մինչև գետին: Հետագայում քողը իր երբեմնի «իմաստը»` դեմքը թաքցնելու ֆունկցիան, կորցրել է, և սկսել են օգտագործել ճերմակ քող, որը նորահարսի գեղեցկությունը դարձնում է եթերային: Քող կրելու ավանդույթը Եվրոպա է մտել և ամրապնդվել Խաչակրաց արշավանքների ժամանակ:
Խաչակիրները տեսել են հրեական ծեսերով հարսանիքները, որոնց ժամանակ հարսնացուն փեսացուին է ներկայացել ոտքից գլուխ սպիտակ սավանի մեջ փաթաթված և այդպես էլ մնացել է մինչև արարողության ավարտը:
11-12-րդ դարերում եվրոպացի կանայք սկսել են զարդարել իրենց գլուխները տարբեր գույների քողերով, որոնք անգամ ասեղնագործված են եղել արծաթե և ոսկե թելերով: Միջնադարյան Եվրոպայում նորաձև են եղել սրածայր գլխարկները (գոթական ոճ), որոնք 15-րդ դարից սկսած սկսել են զարդարել երկար քողերով, որոնք նման են եղել վարագույրի և հասել են մինչև ոտնաթաթեր:
Պատմության յուրաքանչյուր դարաշրջան իր յուրահատուկ ազդեցությունն է գործել հարսանեկան քողի զարգացման վրա: Առաջին ամերիկուհին, որը հարսանիքի արարողությանը ներկայացել է շատ բարակ ժանյակազարդ երկար քողով, եղել է Նելլի Կուստիս անունով մի աղջիկ:
Աղջիկը եղել է մայոր Լորենս Լյուիսի հարսնացուն, որը համարվել է ԱՄՆ նախագահի «աջ ձեռքը»: Նելլին զարդարել է իրեն քողով, որպեսզի մեկ անգամ ևս իր սիրելիի աչքերում տեսնի այն հիացմունքը, ինչպիսին եղել է առաջին անգամ, երբ մայորը տեսել է աղջկա հրեշտակային գեղեցկության ուրվագիծը պատուհանի վարագույրի հետևից և սիրահարվել: Քողերի պատմության մեջ կարևոր փուլ է եղել սինթետիկ գործվածքների հայտնաբերումը, ինչը տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո:
Քողը համեստ ծածկոցից վերածվել է տարբեր ոճերի և ձևավորման հարսանեկան շքեղ հագուստի անբաժանելի մասի: Քողերը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների են ենթարկվել: Բացի դա, քողին վերագրել ու վերագրում են ևս մի քանի հատկություն:
Քողի սպիտակ գույնը խորհրդանշել է հարսի մաքրությունը: Հարսանեկան արարողության ավարտին անցկացվում է նաև քողի հանման արարողությունը: Յուրաքանչյուր երկրում այս արարողությունը տարբերվում է, սակայն նշանակությունը ամենուր նույնն է՝ աղջիկը հրաժեշտ է տալիս իր անհոգ աղջկական կյանքին և փոխում է այն ամուսնական և ավելի հասուն կյանքով:
Մի քանի երկրներում, ըստ ավանդույթի, հարսի քողը հանում է փեսան, որը նշանակում է, որ հարսը հնազանդվում է փեսային: Սակայն եթե հարսը ցանկանում է լինել փեսայի հետ հավասար, ապա քողը ինքն է իր գլխից հանում:




















































