Պաշտպանության նախարարությունը նոր նախագծեր է ներկայացրել
ОБЩЕСТВО
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել երկու նախագիծ: Դրանցից մեկով առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ: Մասնավորապես, որոշման նախագծի համաձայն նախատեսվում է փոխհատուցել ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու պայմանագրի նոտարական հաստատման և պետական գրանցման ուղղությամբ զինծառայողի կատարած ծախսերը:
Նշվում է՝ օրինակելի ձևով կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի կնքման համար նոտարական գործողությունների կամ իրավունքի պետական գրանցման համար նախատեսված գումարը կազմում է միջինը 40 հազար դրամ:
Զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ ամեն տարի իրականացվում են զինծառայողների պլանային փոխարինումներ, արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ զինծառայողը դադարեցնում է նախկին ծառայության վայրում կնքված պայմանագիրը, ինչպես նաև կրկին նախաձեռնում նոր ծառայության վայրում պայմանագրի կնքման գործողություններ՝ կատարելով նաև դրա համար անհրաժեշտ ծախսեր, ինչը հանգեցնում է զինծառայողների շրջանում դժգոհությունների, ինչպես նաև ազդում սոցիալական վիճակի վրա:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ դրա ընդունումը պաշտպանության նախարարության համակարգում կհանգեցնի տարեկան մոտ 16 մլն դրամի չափով ծախսերի ավելացման, քանի որ տարեկան կտրվածքով ՊՆ համակարգում բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքում են միջինը 400 զինծառայող և նրանց հավասարեցված անձինք:
Նախատեսվում է լրացուցիչ ծախսերն իրականացնել համապատասխան ծրագրով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:
ՊՆ-ի ներկայացրած մյուս նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ:
Մասնավորապես, սահմանվում են ՊՆ-ի ռազմաուսումնական հաստատություններում (մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան) 5-րդ կուրսի կուրսանտների դրամական ապահովության չափերը, կուրսանտներին վճարվող ամսական դրամական ապահովության չափերը լրացվում են առաջադիմության համար նախատեսվող 10000 դրամով և սահմանվում են դրա հաշվարկման պայմանները:
Նշվում է, որ ՊՆ-ի մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ավիացիոն և հրթիռային տեխնիկայի մասնագիտություններով ուսումնառության ժամկետը 4 տարի է, հաշվի առնելով ռազմական գիտության և տեխնիկայի զարգացումը, նորագույն միջոցների շարք մտնելը, այդ ժամկետն արդեն չի բավարարում ուսումնառության ամբողջ համալիրն ապահովելու համար:
Բացի այդ, միջազգային փորձը ևս ցույց է տվել, որ որոշակի ավիացիոն մասնագիտություններով ուսումնառության հիմնական ժամկետը 5 տարի է: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2020/2021 ուստարուց սկսած Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ավիացիոն և հրթիռային տեխնիկայի մասնագիտություններով ուսումնառության ժամկետը նախատեսել 5 տարի և դրա հիման վրա համապատասխան դրամական ապահովության չափեր սահմանել 5-րդ կուրսի կուրսանտների համար:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ նախագծի ընդունումը ՊՆ-ում կհանգեցնի տարեկան միջինը 14 մլն դրամի չափով ծախսերի ավելացման, որոնք նախատեսվում է իրականացնել համապատասխան ծրագրով ՊՆ-ին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ



