Առեղծվածը մնում է առեղծված. ո՞րն է Ստրադիվարիուսի ջութակների գաղտնիքը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԱնտոնիո Ստրադիվարիուսն ապրել է 92 տարի և իր ամբողջ կյանքի ընթացքում երաժշտական գործիքներ է պատրաստել: Նա ստեղծել է դրանց մոտ 600 օրինակ, որոնք հայտնի են «Ստրադիվարիուսի ջութակներ» անվանումով: Անտոնիո Ստրադիվարիուսը (1644-1737) լարային գործիքների իտալացի վարպետ է Միլանի դքսության Լոմբարդիա մարզի Կրեմոնա կոմունայից։
Նա եղել է լարային գործիքների իտալացի վարպետ Ամատիի աշակերտը և Կրեմոնայում ունեցել է սեփական արհեստանոց։ Երկար տարիներ Ստրադիվարիուսն աշխատել է իր ուսուցչի եղանակով և միայն մոտ 56 տարեկանում է պատրաստել ջութակի սեփական նմուշօրինակը։ Այդ ժամանակից էլ ստեղծվել են նրա լավագույն գործիքները։ Վարպետի կյանքի վերջին տարիների ստեղծած գործիքները բացառիկ են:
Դրանք ունեն իրենց անուններն ու պատմությունը: Ստրադիվարիուսի պատրաստած ջութակները, ալտերը և թավջութակները աչքի են ընկնում հնչեղության կատարյալ հատկանիշներով՝ հստակ, հյութեղ տեմբրով, գեղարվեստական ձևավորման կատարելությամբ, նրբագեղությամբ բնափայտի ընտրությամբ։
Այդ գործիքների համար իսկական որս է իրականացվում, դրանք փորձում են գնել և անգամ հափշտակել:
«Ստրադիվարիուսի ջութակները» դարձել են երկրպագության խորհրդանիշ: Ներկայումս նման ջութակներ նվագում են միայն տաղանդավոր երաժիշտները: Այս գործիքների արժեքը գերազանցել է բոլոր ընդունելի սահմանները ՝ հասնելով մի ամբողջ կարողության: Ստրադիվարիուսի ջութակների եզակիությունն այն է, որ անգամ ներկայիս զարգացած տեխնոլոգիաների և ժամանակակից նյութերի դարաշրջանում անհնար է ստեղծել նման գործիք:
Դա մնում է որպես Անտոնիո Ստրադիվարիուսի գաղտնիք: Մեծ Բրիտանիայի Ջութակագործների միավորումը իր ամսագրում բազմիցս փորձել է բացահայտել ջութակ ստեղծողի գաղտնիքը: Եվ ամեն անգամ՝ անարդյունք: Առեղծվածը մնում է առեղծված: Մասնագետները կարծում են, որ այդ ջութակների եզակիությունը կապված է 17-րդ դարի փայտի հետ, որից պատրաստվել են այդ գործիքները:
Հիմա այդպիսի փայտ չկա, և, ամենայն հավանականությամբ, այլևս երբեք չի լինի: Ժամանակի ընթացքում եղանակը կտրուկ փոխվել է, և ծառերը փորձել են արագորեն հարմարվել ջերմաստիճանային նոր պայմաններին:
Փայտի կազմի մեջ տեղի են ունեցել հատուկ քիմիական գործընթացներ: Հենց այդ ժամանակահատվածում էլ ստեղծվել է եզակի ջութակների մեծ մասը: Հետագայում ծառերը հարմարվել են նոր եղանակին, և անտառի ներսում նման գործընթացներ այլևս տեղի չեն ունեցել: Սակայն ջութակները, որոնց ձայնը եզակի է, մնացել են:




















































