Շաքարավազի փաթեթիկ. ինչո՞ւ մարդիկ այն «ճիշտ» չեն օգտագործում
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՇաքարավազի փաթեթիկ. թվում է, թե ի՞նչը կարող էր ավելի պարզ լինել: Անգամ դրա ստեղծումը արտաքուստ դժվար է համարել գյուտ. դա հասարակ ու հասկանալի մի բան է: Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը հորինել է այն:
Մարդիկ ներկայումս, առանց նույնիսկ այս ամենի մասին մտածելու, գրեթե ամեն օր օգտագործում են փաթեթիկներով շաքարավազ սրճարաններում և գրասենյակներում, ինքնաթիռներում և գնացքներում:
Դրանք շատ տարածված են մեկ պարզ պատճառով` այդ տեսքով շաքարավազը օգտագործելը աներևակայելի հարմար է: Շաքարավազը չի թափվում, այն կարելի է ճանապարհորդելիս վերցնել և մշտապես ունենալ ձեռքի տակ, իսկ չափաբաժինն էլ ակնհայտորեն ստանդարտ քանակի է:
Բայց և փաստ է, որ այն միշտ չի եղել: Շաքարավազի փաթեթիկների պատմությունը սկսվել է անցյալ դարի կեսերից: Դրանց ստեղծողը Բենջամին Էյզենշտադտն է: Նրա ծնողները ժամանակին Ռուսաստանից արտագաղթել են Միացյալ Նահանգներ, որտեղ էլ որդի են ունեցել: Բենջամինը ավարտել է ավագ դպրոցը և որոշել դառնալ իրավաբան, բայց սկսվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, և ընտանիքը միջոցներ չի ունեցել տղայի ուսման վարձի համար: Երիտասարդը ստիպված սկսել է աշխատել:
Նրան աշխատանքի են ընդունել թեյի գործարանում: Դիտելով, թե ինչպես է թեյը փաթեթավորվում փաթեթիկներում, նա գաղափար է մտահղացել՝ նույնը անել շաքարավազի հետ:
Բենջամինը մտածել է, որ նպատակահարմար է շաքարավազը երկար և նեղ փաթեթիկների մեջ փաթեթավորել, քանի որ նման փաթեթավորումը թույլ է տալիս շաքարավազը լցնել բաժակի մեջ՝ պարզապես փաթեթիկը մեջտեղից պատռելով: Ներկայումս շաքարավազի փաթեթիկները իրականում արտադրվում են հենց Էյզենշտադտի հորինած փաթեթավորմամբ: Այնուամենայնիվ, քչերն են այն պատռում մեջտեղից:
Որպես կանոն, այն պատռում են մի կողմից, և այդպես լցնում շաքարավազը, ուստի Էյզենշտադտի մեթոդը որևէ կերպ չի արմատավորվել: Այս մասին անգամ լեգենդ գոյություն ունի, որ Բենջամինը, սրճարանում տեսնելով, որ մարդկանց մեծամասնությունը ճիշտ չի բացում իր ստեղծած շաքարավազի փաթեթիկները, ցնցվել է տեսածից և այդ պատճառով հիվանդացել ու վախճանվել: Իհարկե, դա ընդամենը լեգենդ է:
Փաստն այն է, որ Բենջամին Էյզենշտադտը վախճանվել է հիվանդանոցում սրտի վիրահատության ժամանակ՝ 89 տարեկան հասակում: Բենջամինը չի կարողացել գումար վաստակել իր գյուտով, քանի որ նա այն չի արտոնագրել, իսկ խոշոր ընկերությունները, օգտագործելով նրա գաղափարը, նրան ոչինչ չեն վճարել: Այնուամենայնիվ, Էյզենշտադտը կարողացել է հարստություն ձեռք բերել իր այլ գյուտի շնորհիվ: Որդու հետ միասին նա ստեղծել է ցածր կալորիականությամբ շաքար, որը ներկայումս էլ հասանելի է մարդկանց Sweet N Low անվանումով:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ




















































