Անձրևոց. ի սկզբանե այն անձրևի հետ կապ չի ունեցել
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԱռաջին անգամ անձրևոցների (անձրևանոց, հովանոց, զոնտիկ) մասին տեղեկություններ են հայտնաբերվել մեր թվարկությունից առաջ 11-րդ դարի գրառումներում: Այդ կենցաղային իրի պատմությունը այնքան հին է, և այն այնքան տարածված է եղել, որ դժվար է անգամ որոշել, թե որ ժամանակաշրջանում ինչպիսին է եղել և ինչ նշանակություն է ունեցել: Համարվում է, որ անձրևոցների հայրենիքը Եգիպտոսն ու Չինաստանն են: Այնտեղ այն կրել են բարձր դասի մարդիկ և թագավորները, որոնց միջոցով պաշտպանվել են արևից:
Բացի այդ, դրանք եղել են իշխանության խորհրդանիշ, ունեցել են մինչև 1,5 մետր բարձրություն և ավելի քան երկու կիլոգրամ քաշ: Հին Հռոմում անձրևոցները եղել են կոնուսաձև: Մոնղոլիայում և Հնդկաստանում մեծ անձրևոցներ են ամրացվել գահերին՝ որպես դրա անբաժանելի մաս, և նույնպես հանդիսացել են իշխանության խորհրդանիշ: Հնդկաստանում ևս անձրևոցները եղել են իշխանության չափանիշ. ինչքան բարձր է եղել անձի դիրքը հասարակության մեջ, այնքան ավելի մեծ է եղել նրա՝ անձրևոց ունեցող շքախմբի անդամների թիվը:
Ընդ որում, անձամբ թագավորն ունեցել է 13 անձրևոց, որոնցից մեկը խորհրդանշել է արևը, իսկ մյուս 12-ը՝ համաստեղությունները: Տիբեթում հոգևորականները ունեցել են սպիտակ և դեղին գույների անձրևոցներ, սովորական մարդիկ սիրամարգի փետուրներից պատրաստված անձրևոցներ են ունեցել, իսկ պանչեն-լաման և դալայ-լաման կրել են միանգամից այդ երկու անձրևոցները:
Նշենք, որ անձրևոցը ընդհանրապես որպես իշխանության խորհրդանիշ օգտագործվել է բազմաթիվ երկրներում: Այն Եվրոպայում օգտագործել են Հռոմեական Սուրբ Կայսրության կայսրերը, վենետիկյան դոժերը, Սիցիլիայի թագավորները և այլն: 13-րդ դարից անձրևոցը դարձել է Հռոմի պապի իշխանության խորհրդանիշ, իսկ 15-րդ դարից անգամ հայտնվել է Հռոմի պապերի անձնական գերբերի վրա: Ֆրանսիայում անձրևոցներ սկսել են օգտագործել 17-րդ դարից և այն անվանել են «պարասոլ», թարգմանաբար՝ «արևի դեմ»: Ֆրանսիական անձրևոցները պատրաստել են խիտ կտորից, իսկ բռնակը՝ ոսկորից: 1715 թվականի մայիսի 4-ին Փարիզում ցուցադրվել է առաջին ծալվող անձրևոցը:
Ի սկզբանե անձրևոցները եղել են միայն արևապաշտպան հարմարանքներ: 1750 թվականին անգլիացի Ջոնաս Հենվեյը առաջին անգամ անձրևոցն օգտագործել է որպես անձրևից պաշտպանվելու միջոց, և դրանից հետո է միայն այդ իրը ձեռք բերել երկակի նշանակություն:
1969 թվականին Բրեդ Ֆիլլիպսը ԱՄՆ-ում արտոնագրել է ծալվող և կարճացող անձրևոցը, որը 1970 թվականից սկսել է արտադրել ամերիկյան Totes ընկերությունը:
Ներկայումս արձրևոցներ ունեն համարյա բոլորը, ոմանք՝ անգամ մի քանի օրինակներով: Ռուսերեն «зонтик» բառը վերցվել է հոլանդական «zonnedoek» (zondek) բառից, որը նշանակում է «տենտ», «արևապաշտպան առագաստ» ( փաստացի նշանակությունը՝ «արևապաշտպանիչ»):
Հենց ռուսերենից էլ հայկական լեզու է մտել բարբառային ու տարածված «զոնտիկ» անվանումը: Այս իրի հայերեն անվանումը՝ անձրևոց, իրականում կապ չունի «արևապաշտպանման» հետ և բառացի նշանակում է «անձրևապաշտպանիչ»:




















































