Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների՝ որդեգրումների, դատապարտյալների փոխանցման ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակն ու նշել, որ այն խորացնելու և զարգացնելու մեծ ներուժ կա նաև այլ ոլորտներում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և թվարկված ոլորտներում փոխգործակցությունը համարել արդյունավետ: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հավաստիացրել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը կշարունակի օժանդակել Հայատանում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ դատաիրավական համակարգում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, արբիտրաժի և հաշտարարի ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և Եվրամիության աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի:



