Նոտարները կկարողանան պահանջվող տեղեկատվությունը ստանալ առցանց եղանակով
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման մեջ: Սա պայմանավորված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, մասնավորապես անձնագրային և վիզաների վարչության կողմից տրվող հաշվառման վերաբերյալ տեղեկանքները էլեկտրոնային եղանակով ստանալու և քաղաքացիներին տրամադրելու միջոցով աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով։
Ոստիկանության պետի 2005 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 8-Ն հրամանով հաստատված են դիմումի հիման վրա տրվող բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի ձևերը, որոնք քաղաքացիներին տրամադրելիս ձեռագիր եղանակով լրացնում են վարչության աշխատակիցները։
ԱՎ վարչությունը ծրագրային աշխատանքներ է տարել հաշվառման վերաբերյալ տեղեկանքները էլեկտրոնային եղանակով ստանալու ուղղությամբ, սակայն էլեկտրոնային եղանակով ստացվող տեղեկանքների ձևերը որոշակիորեն տարբերվում են հաստատված ձևերից։
Բացի այդ, 2015թ.-ին ընդունված Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Հաշվի առնելով, որ այս տեղեկանքների ձևերը սահմանելու լիազորություն օրենքով ոստիկանության պետին վերապահված չէ, ուստի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է տեղեկանքների ձևերը սահմանել կառավարության 2005 թ.-ի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման մեջ։
Բացի դա, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ոստիկանության պետի 2005 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 8-Ն հրամանը, իսկ հրամանով հաստատված՝ չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու մասին դիմումի, բնակության նոր վայրում հաշվառման մասին դիմումի, դիմումների հաշվառման մատյանի և բնակության իրավունքը հավաստող` տվյալ բնակության վայրի սեփականատիրոջ գրավոր համաձայնության ձևերը սահմանել ոստիկանության պետի լոկալ հրամանով։
Միևնույն ժամանակ, 2018 թ.-ին առաջ է քաշվել այն հարցը, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ապահովված չէ նոտարական մարմինների հետ էլեկտրոնային արագ հարցման հնարավորությամբ և անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիներն ուղղորդվում են ԱՎՎ։
Արդարադատության նախարարության հետ կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացվել է նոտարների կողմից հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիներին ԱՎ վարչություն չուղղորդելու, այլ պահանջվող տեղեկատվությունը առցանց եղանակով ստանալու հարցը, ինչին նախարարությունը հավանություն է տվել։
Միջոցառման կատարումն ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություն է կատարվել կառավարության «Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման մեջ, որով նոտարներին իրավունք է վերապահվել օգտվել բնակչության պետռեգիստրի տեղեկատվական բազաներից:
Այս նախագիծը հաստատվելուց հետո նոտարները նույնպես կկարողանան օգտվել բնակչության պետռեգիստրի բազաներից և պահանջվող տեղեկատվությունը ստանալ առցանց եղանակով:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ



